*Ավինյանը հիշեցրել է, որ վերջին մեկ տարում իրենք շրջայցեր են կատարել մայրաքաղաքի տարբեր շրջաններում և բացահայտել խնդիրներ, որոնք հենց բնակիչներն են մատնանշել. «Երբ դուք եք մեզանից պահանջել, ձեր պահանջը դարձել է մեր ծրագիրը»,- ասել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ երևանցիների պահանջով միայն այս տարի Երևանում հիմնանորոգվում է 24 մանկապարտեզ, փոխարինվում է 600 վերելակ, ասֆալտապատվում մոտ 70 կմ ճանապարհ, հիմնանորոգվում 15 այգի. «Այս ծավալի շինարարություն, այս ծավալի բարեկարգում մեկ էլ ՍՍՀՄ տարիներին է եղել՝ Կարեն Դեմիրճյանի ժամանակ»։
Ավինյանը նշեց, որ կարևոր է հասկանալ՝ վերանորոգումները միայն գեղեցկության համար չեն. «Ֆուտբոլի դաշտերը մեր երեխաների համար են, մանկապարտեզները մեր երեխաների համար են»։
Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե այսօր այցելել է մի քանի նոր կառուցվող դպրոցներ, որոնց շինարարությունը մեկնարկել էր 2020թ. «Այդ ժամանակ շատ ծանր ժամանակաշրջան էր, բայց հիմա այդ դպրոցներն ընդունելու են հազարավոր երևանցիների։ Մեր երեխաներն արժանի են լավագույն մանկապարտեզներին, լավագույն ֆուտբոլի դաշտերին, լավագույն դպրոցներին, հետագայում՝ լավագույն համալսարաններին, որովհետև նրանք են մեր ապագան, նրանք են կառուցելու էս քաղաքը, նրանք են տեր լինելու էս երկրին»։