ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր շարունակել է նախընտրական հանդիպումները Նոր Նորքում։ Նա անդրադարձել է նախընտրական քարոզարշավի ընթացքին։ Ըստ նրա՝ իրականում ոչ լարվածություն կա, ոչ թեժ ընտրապայքար, որ հանգեցնի միջադեպերի. «Հաշվի առնելով, որ քարոզարշավ է, կարող են լինել վիճաբանություններ։ Բայց չեմ կարծում, թե մեծ ծավալի է կամ թեժության, լարվածության մակարդակի, որի մասին պետք է խոսել»։
Անդրադառնալով ՔՊ շտաբի պետ Արմեն Փամբուխչյանի հայտարարությանը, թե ՔՊ դեմ ուժեղ հակաքարոզ է ընթանում, Տիգրան Ավինյանն ասել է. «Հակաքարոզ իմ՝ փոխքաղաքապետ նշանակվելու առաջին օրվանից սկսել են իրականացնել՝ իմ և մեր քաղաքական ուժի դեմ ներկայացնելով խեղաթյուրված, մանիպուլյացիոն փաստեր»,- ասաց նա։
Ըստ Տիգրան Ավինյանի՝ դիտորդները շատ միակողմանի են ներկայացնում տեսակետներ, որոնց, սակայն, իրենք ուշադրություն չեն դարձնում. «Նույնիսկ այդ հակաքարոզի մեջ փաստը մնում է փաստ, գործը մնում է գործ»։