ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Նոր Նորքում քարոզարշավի ժամանակ նշել է, թե ինքն այդտեղ շրջայց էր կատարել մարտ ամսին. «Շատ ու շատ տեղերում էական փոփոխություններ եմ տեսնում․ նոր ֆուտբոլի դաշտեր, տեղ-տեղ հիմնանորոգված բակեր։ Ձեզ մոտ տրանսպորտը դեռ ամբողջական չի լուծում խնդիրը, բայց կարծում եմ՝ 6 ամիս առաջվա համեմատ արդեն էական բարելավում կա։ Այս բոլոր աշխատանքները, որ տարել ենք վերջին մեկ տարում, եղել է ձեր առաջադրած խնդիրների հիման վրա։ Դուք ասել եք, մենք արել ենք՝ ըստ այն առաջնահերթությունների, որ դուք եք որոշել»,- նշել է Ավինյանը։
Նա հիշեցրել է, որ քաղաքացիների ասածների հիման վրա 24 մանկապարտեզ է հիմնանորոգվում, միայն այս տարի 15 այգի է վերականգնվում ու կառուցվում, 215-ից ավելի բակեր են բարեկարգվել։
Ավինյանը նաև ասել է, թե իրենք երբեք չեն փորձել արդարացումներ փնտրել. «Որ գործը պատասխանատու չունի, մեզ ենք համարում դրա պատասխանատուն․ լինի բակ, վերելակ, կոյուղի և այսպես շարունակ»։