ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Նոր Նորքի խնդիրներին։ Նրա խոսքով՝ թ․164 դրպոցի բակի հարակից տարածքում կառուցվել է սպորտհամալիր՝ հեծանիվի, սքեյթի, ֆուտբոլի սիրահարների համար. «Այսօրինակ մոդուլային ծրագրեր շատ տեղերում ենք իրականացնելու։ Նոր Նորքում շատ ծրագրեր ենք իրականացնում՝ այգիների հետ կապված․ դրանք վերակառուցվում են։ Ամբողջովին նոր այգի ենք կառուցում Տորք Անգեղի արձանի հարակից տարածքում։ Վերածննդի այգու վերակառուցումը վաղը պետք է սկսենք»,- ասել է նա։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ վերջին մեկ տարում իրականացված ծրագրերն ահռելի են. «Այս տեմպը շարունակելու ենք պահպանել»։
Ավինյանը նաև հիշեցրել է, որ Նոր Նորքում փորձարկել են ավտոբուսների համար առանձնացված գիծ. «Այն վստահաբար շատ խնդիրներ է ստեղծում շատ վարորդների համար, բայց կարևոր է հասկանալ՝ հանրային տրանսպորտին պետք է առաջնահերթություն տալ։ Այս փորձարկման արդյունքում շատ խնդիրներ ենք վերհանել, և հաջորդ տարիների ընթացքում շտկելու ենք»։
Նա նշել է, որ ավտոբուսի առանձնացված գծեր լինելու են Երևանի շատ փողոցներում. «Դա անհրաժեշտություն է, և դրանով մենք հանրային տրանսպորտին առաջնահերթություն ենք տալիս։ Այդպես նաև ոգևորում ենք սեփական մեքենաներ ունեցողներին՝ հնարավորինս հարմարավետ տեղափոխվել Երևանով»։