ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնել է, թե ինչու է փոխվել իր հռետորաբանությունն, ու ելույթներում քաղաքական ենթատեքստ կա․
«Փոխվել է միայն այն, որ որոշ անձինք, կուսակցություններ մեզ մեղադրում էին քաղաքային ընտրություններ անցկացնելու մեջ։ Իմ երեկվա ասելիքն ընդամենը այն էր, որ եթե ուզում են քաղաքական ելույթներ, նաև դա կարող ենք տալ իրենց։ Բայց ես չեմ կարծում, թե երևանցիներին քաղաքական ելույթներն այս պահին այդքան հետաքրքիր են։ Այնուամենայնիվ, սրանք քաղաքական ընտրություններ են, քաղաքական բովանդակություն ունեն։ Երբ մենք ասում ենք, որ Երևանում սարքում ենք 24 մանկապարտեզ, տասնյակ ֆուտբոլի դաշտեր, մարզադպրոցներ, 200-ից ավելի բակեր, դա քաղաքական բովանդակություն ունեցող ասելիք է։ Դա նշանակում է, որ մենք ամենասկզբից կառուցում ենք մեր քաղաքը, երկիրը, որովհետև այդ լավ մանկապարտեզներում, լավ դպրոցներում, լավ բակերում մեր երեխաներն իրենց կարողությունները կարողանալու են ավելի լավ զարգացնել։ Հետագայում էլ ունենալու ենք ավելի լավ քաղաք՝ հենց իրենց շնորհիվ, լավ ու ամուր, հզոր երկիր»,- նշել է նա։
Ըստ Ավինյանի՝ բոլոր ուժերը, որ շեղվում են այդ իրական քաղաքական տրամաբանությունից, խոսում ամեն ինչից, բացի իրենց ծրագրերից ու անելիքից, և իր մոտ տպավորություն է, թե նրանք Երևանի զարգացման վերաբերյալ ասելիք չունեն. «Հեքիաթներ շատ կարելի է պատմել, բայց ամեն ասած պիտի ունենա իրականցման կոնկրետ ծրագիր, ֆինանսական գնահատական»։
Տիգրան Ավինյանը լրագրողի հարցին ի պատասխան նշել է, թե որևէ մեկին մրցակից չի համարում. «Ես վստահ եմ՝ սեպտեմբերի 17-ին երևանցիները քվեարկելու են Երևանի, երևանցիների, մեր երեխաների ապագայի համար այն իրականության օգտին, որ հենց հիմա է շարունակվում, երբ մարդը տեսնում է՝ իր բակը բարեկարգվում է, մանկապարտեզը բարեկարգվում է, դպրոցը բարեկարգվում է։ Իսկ որոշ ուժեր մտածում են՝ այս ամենը մեզ պետք չի, մեզ քաոս է պետք։ Բոլոր այն մարդիկ, որ քաոսի ջրաղացին են ջուր լցնում, կարող են իրենց համարել իմ քաղաքական հակառակորդները։ Դուել չկա, ես որևէ անձի հետ չեմ մենամարտում»։