ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Շենգավիթում նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարել է, թե ինքը նախորդ տարի շրջել է ողջ Շենգավիթով, հանդիպել մարդկանց, լսել խնդիրները. «Իրականում, պաշտոնյայի շատ կարևոր հատկություն է՝ կաբինետում չկտրվել իրականությունից, որովհետև երբ կաբինետում երկար ես մնում, քեզ ինչ-որ պահի կարող է թվալ, թե շատ խելացի ես, բոլորի փոխարեն բոլոր խնդիրները գիտես, էդ խնդիրների լուծումն իրենցից լավ գիտես, ու սկսես անել բաներ, որ առհասարակ մեր իրականության հետ կապ չունեն»,- ասել է նա։
Ըստ Ավինյանի՝ շրջայցերի ժամանակ շատ խնդիրների մասին է լսել, ստացել հանձնարարականներ. «Այդ բոլոր հանձնարարականներով Երևանում իրականացվում է ՍՍՀՄ տարիներից հետո երևի ամենամեծ ենթակառուցվածքային շինարարությունը։ Հիմնանորոգվում է 24 մանկապարտեզ, բարեկարգվում է Օղակաձև այգին, Մերգելյանի այգին, Տորք Անգեղի հարակից այգին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու հարակից այգին։ Կոնդ թաղամասում նոր այգի ենք հիմնանորոգվել։ Հիմնանորոգվել և բարեկարգվում են Աբովյանի և Սարյանի պուրակները, հիմնանորոգվում է Հաղթանակի 40-ամյակի այգին, Մինաս Ավետիսյանի այգին, Դավիթ Անհաղթի այգին։ Արվում է աննախադեպ ծավալի և քանակի աշխատանք։ Տասնյակ հեկտարներով անտառներ են տնկվել՝ միայն վերջին շրջանում։ Ով ինչ ասես՝ չասաց, թե ծառեր ենք կտրում, սակուրաներ ենք տնկում։ Փաստն այն է, որ Երևանում տասնյակ հեկտարներով անտառներ են տնկվում, և էլի ենք տնկելու։ Հարյուրավոր հեկտարներով անտառներ ենք տնկելու»,- վստահեցրեց թեկնածուն։
Ավինյանը խոսել է նաև տրանսպորտային բարեփոխումների մասին՝ շեշտելով, որ դրանք լուծվում են և էլի են լուծվելու. «Մեր կարգախոսը արհեստական չէ։ Կարգախոսը ծնվել է այն աշխատանքից, որ միասին իրականացրել ենք։ Դուք ասել եք, մենք արել ենք։ Հիմա էլ եկել ենք ասելու՝ ասեք, կանենք»։