Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է նաև քաղաքական ընտրություններից։
«Մեր նպատակն այս ընտրություններում շատ կոնկրետ է՝ Երևան քաղաքը պետք է շենացնենք: Մեր երեխաները պետք է գնան ամենալավ մանկապարտեզները, պետք է խաղան ամենալավ ֆուտբոլի դաշտերում, պետք է պարապեն ամենալավ սպորտդպրոցներում, ամենալավ դպրոցներն ու համալսարաններն այցելեն: Մեր սահմանների ամրությունն այդ հարցերից է կախված»,- ասել է Ավինյանը:
Նրա խոսքով՝ հիմա շատ թեկնածուներ միամիտ դեմքով՝ հստակ իմանալով, թե ինչ խաղ են խաղում, ինչ 2021թ. խաղացին, հասկացան, որ չէ՛՝ հին դեմքերով չի ստացվում քաոս ստեղծել, հասկացան, որ ժողովուրդը չի ընդունում, նոր մոտեցում են ընդունել։
«Այն, ինչ փորձել են 2021թ. անել, հիմա այդ դասերը սովորել են, իրենց թվում է՝ խելացի են, ասում են՝ մեր դեմքերով չենք կարողանում, նոր դեմքեր են պետք ներմուծել. մի մասը՝ հստակ ծրագրով, մի մասն էլ՝ մոլորված խամաճիկներ: Ամեն ընտրության Ադրբեջանը սահմանային լարվածություն է ստեղծում։ Բայց այս անգամ շատ կտրուկ պատասխան տվեցինք, ու մեր հայկական զենքերով, որի հանդեպ կար մեծ դիմադրություն։
Ուզո՞ւմ եք քաղաքական, լսե՛ք քաղաքական՝ կար մեծ դիմադրություն, և հիմա հայկական զենքերով ենք խփում ու շարունակելու ենք խփել ամեն սադրանքին։
Ընկերը, որ ամենալավ ժամանակ գալիս էր առաջին պլան, ասում էր` ես, ես, ես, ինձ պաշտոն տվեք։ Շատ լավ, էլի մեր թիմակիցն էր, արագ-արագ դիմում գրեց, կուսակցություն մտավ, հետո ասաց, թե սրանք պատեհապաշտ են։ Բայց փաստն այն է, որ պատերազմից հետո տեսավ, որ մեր վիճակը մի քիչ խարխուլ է, կարող է ծեծ ուտենք։ Ու փախավ։ Սա է փաստը։ Այլ սուտ արդարացումներ պետք չեն»,- նշել է փոխքաղաքապետը:։