ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Դավթաշենի բնակիչների հետ հանդիպմանը նշել է, որ մեկ տարի առաջ դեռևս ինքը հանդիպումներ է ունեցել Երևանի բոլոր վարչական շրջաններում ու քաղաքացիներից ստացել հանձնարարականներ։
«Իրականում մեծ ծավալի աշխատանք ենք սկսել իրականացնել՝ այդ խնդիրները ձեր կողմից ստանալով։ Այդ խնդիրները ստանալով, միայն 2023թ. ավելի շատ աշխատանք է արվում, քան նախորդ 3-4 տարիները միասին կուտակված։ Եւ այդ աշխատանքները կատարվում են, ժողովուրդ ջան, որովհետև դուք մեզանից պահանջել եք»,- ասաց նա։
Տիգրան Ավինյանը շեշտեց, որ այդ հանձնարարականները ստանալով չեն փորձել արդարացումներ գտնել. «Մենք արդարացումներ չենք փնտրել, փնտրել ենք լուծումներ։ Երբ պետք է եղել, համատիրության հետ ենք համագործակցել, երբ կարողացել է վարչական շրջանն իր ուժերով լուծել, երբ պետք է եղել՝ քաղաքապետարանն է ֆինանսավորել։ Երբ քաղաքապետարանի ֆինանսավորումը չի բավարարել, նախարար մեր գործընկերներին ենք միացրել այդ գործին։ Եթե դա էլ չի բավարարել, կառավարությունն է օգնել մեզ։ Եւ շատ կարևոր է, որ այդ բոլոր շղթաները միասին համագործակցելով աշխատել, որովհետև միայն դա է տալիս արդյունք, այն արդյունքը, որ այսօր այս տարի միայն Երևանում կառուցվում ու հիմնանորոգվում է 24 մանկապարտեզ, հիմնանորոգվում են ահռելի ծավալներով այգիներ»,- շեշտեց նա, թվարկելով, որ 215 բակ է կառուցվում, իսկ ֆուտբոլի դաշտերի հին ծածկերը փոխում են արհեստական խոտածածկով. «Որովհետև մեր երեխաներն արժանի են լավ պայմաններում ֆուտբոլ խաղալու և տաղանդը բացահայտելու»։
Նա նաև վստահեցրեց, որ 2025թ. ավարտին Երևանում չպետք է լինի չկահավորված, չհիմնանորոգված մանկապարտեզ. «Մեր երեխաներն արժանի են լավագույնին։ Եւ մեր քաղաքին պետք է վերաբերվենք ինչպես մեր սեփական տանը»։