«Նախկինում եղել է ժամանակահատված, երբ քաղաքապետարանն իր իսկ բյուջեն չի կարողացել ծախսել, 60% կատարողական է ունեցել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
Ըստ նրա՝ պատճառը կառավարման հմտությունների բացակայությունն է եղել։
Ավինյանի խոսքով. «Ոմանց որ լսենք, հեղափոխությունն էլ են իրենք արել։ Իրենց լինի։ Ինչ արել են, ապրեն։ Իրենք են արել, թող իրենց մնա։ Էդ էլ թող իրենց լինի»։
Տիգրան Ավինյանը նաև նշել է. «Ես էլ ինքս հեշտ մարդ չեմ, միշտ չէ, որ իմ գործընկերների հետ կարողանում ենք լեզու գտնել։ Կան հարցեր, որ շատ երկար վիճում ենք, շատ սուր ենք վիճում շատ դեպքերում։ Բայց վստահեցնում եմ՝ երբևէ չի լինում, որ դրանից աշխատանքը տուժի, որ երևանցին տուժի այդ վեճերի արդյունքում։ Ոչ, հակառակը։ Ամեն մարդու կարևոր խնդիրն է իր աշխատանքին, իր նպատակներին համահունչ իրականացնել ծրագրերը։ Այո, պետք է միգուցե շատ դեպքերում ունենալ կոնֆլիկտներ։ Բայց ամենակարևոր բանը․ այս բոլոր շղթաները՝ համատիրություն, վարչական շրջան, նախարարություններ, կառավարություն, աշխատացնել մի ընդհանուր նպատակի։ Այո, կարելի է կռվել բոլորի հետ, թքել, դուռը շրխկացնել, դուրս գալ և բոլոր ծրագրերը գցել ջրհորն ու դրանով ավարտել։ Հետո ասել՝ սա էր մեղավոր, նա էր մեղավոր, սա լավը չէր, սա սև էր, սա սպիտակ էր, բայց էլի սև էր։ Անընդհատ կարելի է ասել, բայց դրանից ոչ մի բան չի փոխվում։ Միայն գործն է տուժում»։