«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է տաքսու վարորդների հետ ու քննարկել դաշինքի առաջարկները։
Ի հակադրություն ՀՀ կառավարության մտադրության՝ 2024 թ․ սեպտեմբերի 1-ից մտցնել նոր հարկատեսակ, որն, ակնհայտորեն, կբարձրացնի տաքսի ծառայության գինը՝ «Մայր Հայաստանն» առաջարկում է հետևյալ մոդելը․ «Ցանկացած բիզնես գործունեություն, որի շրջանառությունը չի անցնի տարեկան 30 մլն դրամը, պետք է ընդհանրապես ազատվի հարկերից, իսկ տարեկան մինչև 180 մլն դրամ շրջանառության դեպքում վճարի տարեկան 1 տոկոս շրջանառության հարկ։ Այս առաջարկը նախատեսվում է 10 տարվա համար»։
Անդրանիկ Թևանյանը հավելեց, որ կոնկրետ տաքսի ծառայության լիցենզիան պետք է ներառի տեխզննումը, բժշկական վճարումը և անկանխիկ վճարման հնարավորությունը։ Սրանով կֆիքսվի շրջանառությունը և տրամաբանական կդառնա մինչև 30 մլն դրամ շրջանառության դեպքում հարկերից ազատելը, իսկ մինչև 180 մլն դրամի դեպքում՝ 1 տոկոս շրջհարկ գանձելը։
Տաքսիստները՝ որպես ընթացիկ խնդիր, առանձնացրին տաքսիների կայանման վայրերն այլ մեքենաների զբաղեցնելու դեպքում պատժի խստացումը։ Նրանք հավանության արժանացրին դաշինքի առաջարկը՝ բոլոր բիզնեսների համար իսկապես հավասար դաշտ ստեղծելու մասին։
Անդրանիկ Թևանյանը նաև ընդգծեց, որ այս ամենն իմաստ կունենա և իրականություն կդառնա միայն ամբողջական իշխանափոխության պարագայում։ Նա կոչ արեց միանալ «Մայր Հայաստանին» և մասնակցել դաշինքի՝ ամբողջական իշխանափոխության ծրագրին։