Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական հանդիպումներն Աջափնյակի բնակիչների հետ։
Ավինյանն ասել է, որ եկել են՝ աջափնյակցիների հանձնարարականները լսելու։ Ավինյանը հիշեցրել է, որ եղել է Երևանի բոլոր շրջաններում, այդ թվում՝ Աջափնյակում. «Իրականացրել ենք բոլոր այն ծրագրերը, որ դուք մեզանից պահանջել եք»,- շեշտել է Երևանի քաղաքապետի թեկնածուն։
Նա խոսել է փողոցների ասֆալտապատման մասին, նշել, որ Երևանում միայն քաղաքապետարանը չէ, որ աշխատանքներ է տանում. «Մարդը որ կոյուղի է քաշում, ասֆալտը քանդում է, հետո ասֆալտ անում։ Այո, մենք շատ դեպքերում արված աշխատանքը, որակից ելնելով, չենք ընդունում, և կրկին անել ենք տալիս։ Կասկած չունենաք, որ քաղաքապետարանն իր իսկ ծախսած գումարներին տեր է կանգնում, վստահ եղեք»։
Նա պնդել է, որ իրենց խոստումներին ևս տեր են կանգնում. «Վաղը գալու ենք, ձեր աչքերի մեջ նայենք»։