Երևանի ավագանու ընտրություններում «Հաղթանակ» կուսակցության ընտրացուցակի ներկայացուցիչ Անդրանիկ Ուգուջյանն այսօր «Երևանի տրանսպորտի խնդիրը. ինչպես և երբ է լուծվելու» թեմայով քննարկման ժամանակ ասել է. «Մեր կարգախոսն է՝ մարդամոտ քաղաք։ Եվ մենք մեր բարեփոխումները հենց այդ ելակետից ենք սկսում»։
Նրա խոսքով, բարեփոխումներն ունեն կարճաժամկետ և երկարաժամկետ բնույթ. «Բայց հիմնական մեխն այն է լինելու, որ մեր պատկերացմամբ հասարակական տրանսպորտը պետք է լինի անվճար։ Երբ խոսում ենք այս մասին, շատերը նշում են, որ դա պոպուլիզմ է, բայց կարող ենք բերել վառ օրինակ։ Երբ ես խոսում եմ Լյուքսեմբուրգի օրինակի մասին, բոլորն ասում են՝ նրանք մեզանից հարուստ երկիր են։ Բայց երբ մենք ուսումնասիրում ենք փորձը, տեսնում ենք, որ Լյուքսեմբուրգն այս քայլին գնացել է ոչ թե նրա համար, որ հարուստ երկիր է, այլ գնացել է որպես խնայողություն։ Անվճար տրանսպորտը քչացրեց մեքենաների հոսքը, այսինքն՝ բավական մեծ խնայողություններ կան»։