ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը շարունակել է նախընտրական քարոզարշավը Աջափնյակում։
Նա Սիլիկյան թաղամասի բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրել է այդտեղ իրականացված աշխատանքները. «Լուսավորությունը, որ քաշվել է Երրորդ գյուղում, եղել է ձեր պահանջով, տրանսպորտի հարցը հուսով եմ՝ մեղմվել է, և բողոքները նվազած պետք է լինեն։ Ջրագիծը, որ կառուցվում է, նույնպես ձեր պահանջով է արվել։ Մանկապարտեզը, որ պատրաստվում ենք հիմնանորոգել, նույնպես ձեր պահանջով է արվել։ Առհասարակ, Երևանում իրականացվող բոլոր ծրագրերը ձեր պահանջով է արվում» ,- ասել է Ավինյանը։ Նա նշել է, թեաննախադեպ ծավալի ծրագրեր են արվում. «Քանակը եռապատկել, քառապատկել ենք տարբեր ոլորտներում»,- ասել է նա՝ հավելելով, որ այնուամենայնիվ, չեն համարում իրենց արածը բավարար։
«Բոլորին երևանում ունենք մի ասելիք՝ երբ դուք մեզանից պահանջում եք, հանձնարարում եք, դա դառնում է մեր ծրագիրը, մեր հանձնարարականը»,- ասել է նա՝ հավելելով, որ միայն այս տարի 24 մանկապարտեզ, 15 այգի է կառուցվում, 215 բակ է վերանորոգվել։
Տիգրան Ավինյանը կարևորել է քաղաքացիների, վարչական շրջանի ղեկավարի, քաղաքապետարանի կապը. «Կլինի ժամանակի հարց, կասենք՝ էսքան ժամանակում կանենք։ Կլինի դժվար հարց՝ ֆինանսավորման, կասենք՝ վարչական շրջանի գումարը չի բավարարում, քաղաքապետարանի միջոցներից կդնենք։ Քաղաքապետարանի միջոցները չեն բավարարում, նախարարության միջոցներն էլ կներդնենք, նախարարության միջոցները չի բավարարում՝ կառավարության միջոցները կներդնենք։ Այսօր կառավարության հաշվին Երևան քաղաքում իրականացվում են խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր»։