«Ազգային առաջընթացը» այն կուսակցությունն է, ում հետ համագործակցում ենք։ Թիմը իմ նույն թիմն է, որ աշխատել է Երևանի քաղաքապետարանում։ Գործադիրի մասին է խոսքը»,- հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ Աջափնյակում քարոզչության ժամանակ պատասխանելով «Ֆակտորի» հարցին։
Ըստ Հայկ Մարությանի՝ իրենք կուսակցության հետ նույն գծի վրա են և քաղաքական նույն նպատակներն ունեն։
Հարցին՝ ինքը հիմա սևերի՞, թե՞ սպիտակների դաշտում է, նախկին քաղաքապետը ասել է. «Այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են, որ Հայաստանը զարգանա, խոչընդոտում են դրան, ժողովրդի հետ չեն, դրանք սև ուժեր են։ Որոնք ժողովրդի հետ են, ուզում են պետությունը զարգանա, դրանք սպիտակ ուժեր են։ Այսօր էլ կան քաղաքական ուժեր, որոնք խանգարում են, որպեսզի պետությունը զարգանա։ Մենք ուզում ենք, որ պետությունը զարգանա»։
Թեկնածուն ակնկալում է, որ 50+ տոկոս է հավաքելու և միանգամից կազմելու է քաղաքային իշխանություն․ «Մենք չենք համագործակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, չենք համագործակցելու հին իշխանությունների հետ։ Մնացած տարբերակները քննարկելի են»,- ավելացրել է Մարությանը։