ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ նշել է, թե իրենք Երևանում նոր չէ, որ շրջում են։
Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ եղել է Երևանի բոլոր վարչական շրջաններում.«Իրականացրել ենք բոլոր այն ծրագրերը, որ դուք մեզանից պահանջել եք»,- ասել է Երևանի քաղաքապետի թեկնածուն՝ հավելելով, որ իրենց նախընտրական լոզունգը հենց այդ տրամաբանությունից է ելել։
«Մեզ ասել են՝ հիմնանորոգեք Հաղթանակի 40-ամյակին նվիրված հուշարձանն իր ամբողջ պուրակով, մենք դարձրել ենք մեր ծրագիր։ Մեզ ասել են Տորք Անգեղի արձանի հարակից տարածքը դարձրեք կանաչ գոտի, մենք սարքել ենք ծրագիր։ Մեզ ասել են մեր բակը վերանորոգեք, բարեկարգել ենք, մեզ ասել են՝ մանկապարտեզը, մանկապարտեզներն ենք հիմնանորոգել»,- նշեց նա։
Նա հիշեցրել է, որ փուլ առ փուլ փոխվում է հանրային տրանսպորտը, և դա արվում է երևանցիների ասելով։