«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր Էրեբունիում և Սարի թաղում շարունակել է նախընտրական քարոզարշավը։
Լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Ավինյանը նշել է, որ վերջին մեկ տարում շրջայցեր է իրականացրել Երևանում և դրանց ժամանակ բացահայտել շատ խնդիրներ. «Այն կոնկրետ խնդիրները, որ երևանցիները մեր առջև դրել են, բացի նրանից, որ լուծումներ ենք տվել, նաև մեր ծրագրում դրանց ամբողջական համակարգային լուծումներն ենք առաջարկել։ Մասնավորապես, որտեղ մեզ ասել են՝ մեր բակը բարեկարգեք, բարեկարգել ենք, որտեղ ասել են՝ մանկապարտեզների խնդիրը սուր է, մանկապարտեզներն ենք հիմնանորոգել։ Միայն այս տարի 24 մանկապարտեզ ենք հիմնանորոգում քաղաքում։ Որտեղ ասել են՝ պոլիկլինիկաները, դրանք են վերանորոգել։ Որտեղ ասել են՝ այգիները, այգիներն ենք արել․ Երևանում այս պահի դրությամբ 15 այգի է հիմնանորոգվում։ Ուզում եմ շեշտել, որ իրապես բացառիկ ծավալի աշխատանք է կատարում է քաղաքապետարանը»,- նշել է նա։
Ավինյանի խոսքով՝ իրենց առաջարկն է քաղաքացիներին․ ասեք, և մենք կանենք. «Ցավոք սրտի, դեռևս խոսում ենք մինիմալ խնդիրների մասին՝ կոյուղու, մանկապարտեզի, այգու բարեկարգման և այլն»։
Նա խոսել է մայրաքաղաքում խմելու ջրի խնդրից, ընդգծել, որ դա քաղաքապետարանի իրավասության ներքո չէ. «Բայց երեկ խոստացել եմ էրեբունցիներին, որ եթե այդ խնդիրը որևէ այլ մարմին չկարողանա լուծել, պատասխանատու հայտարարում եմ՝ մենք կլուծենք»։