Երևանի ավագանու՝ «ՔՊ» թեկնածու, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն արձագանքել է «Ականատես» և «Անկախ դիտորդ» դիտորդական կազմակերպությունների հրապարակումներին։
- Պարոն Գրիգորյան երեկ՝ օգոստոսի 23-ին «Ականատես» դիտորդական առաքելությունը և «Անկախ դիտորդ» դաշինքը հրապարակումներ են արել, պնդելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Տիգրան Ավինյանի կողմից վարչական ռեսուրսի չարաշահում է թույլ տրվել։ Ծանոթացե՞լ եք այդ հրապարակումներին։
- Այո, շատ մանրամասն։
- Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հրապարակումները նաև որպես իրավաբան։
- Ամեն դեպքում բարեխիղճ մոտեցումը ենթադրում է նշել, որ ես Երևանու ավագանու անդամի թեկնածու եմ և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, բայց այո նաև իրավաբան եմ։ Պետք է նշեմ սակայն, որ որպես իրավաբան խոսելը տվյալ դեպքում շատ դժվար է, քանի որ ինչքան էլ տրամաբանորեն թվում է, որ քննարկվող հրապարակումներում պետք է հանդիպենք ըստ էության իրավական վերլուծության, ցավոք դա այդպես չէ։ Տեսեք, երբ պնդում ես, որ որևէ մեկը չարաշահել է վարչական ռեսուրս, նշանակում է, որ պնդում ես, որ վերջինս խախտել է Ընտրական օրենսգիրքը և այդ դեպքում ենթադրվում է, որ պետք է գոնե նշես կոնկրետ այն հոդվածը, կետը, ենթակետը, որով նախատեսված կանոնը խախտվել է։ Սա անհրաժեշտ է երկու պատճառով, առաջինը՝ որպեսզի ընթերցողը կարողանա ինքնուրույն գնահատել, թե ինչքանով են քո պնդումները ճշմարիտ և երկրորդը, որպեսզի նա, ում մեղադրում ես իրական հնարավորություն ունենա արձագանքելու։
- Ուզում եք ասե՞լ այդ հրապարակներում այդպիսի հղումներ չկա՞ն։
- Ոչ, չկան և դա իմ ասելով չէ, դա շատ հեշտ ստուգելի է, ուղղակի կարդում ես հրապարակումները, տեսնում ես բազմաթիվ գնահատականներ, գրաֆիկներ, բայց ոչ հղում այն կանոններին, որոնք իբրև թե խախտվել են։
- Այդ դեպքում ի՞նչ միտում եք տեսնում այդ հրապարակումների մեջ։
- Հաշվի առնելով, որ հրապարակումների հեղինակներն այս ոլորտում բավականին ճանաչված հասարակական կազմակերպություններ են և դրանցում աշխատող մի շարք մարդկանց անձամբ ճանաչում եմ, որպես պարկեշտ անձանց, չեմ ուզում մտածել, թե ինչ որ թաքնված միտում կա, բայց մյուս կողմից նույն պատճառով չեմ հասկանում, թե ինչպես է ստացվել, որ նման մասնագիտական տեսանկյունից խոցելի հոդված է հրապարակվել։ Ինձ մոտ տպավորություն է, որ մեր գործընկերները մեր գործողությունները քննել են ոչ թե գործող օրենսդրության տեսանկյունից, այլ այն օրենսդրության, որն իրենք կցանկանային, որ լիներ, քանի որ օրինակ ակնհայտ է, որ մեր գործող օրենսդրության տեսանկյունից ամենամեծ ցանկության դեպքում անգամ չես կարող վարչական ռեսուրս չարաշահել մինչև չսկսվի նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, բայց գործընկերները դրա մասին չեն խոսում։
- Կա՞ն այլ բացթողումներ այդ հրապարակումներում։
- Բազմաթիվ։ Իրավական հղումների բացակայության մասին արդեն իսկ նշեցի։ Դրանից զատ, շատ խնդրահարույց եմ համարում այն միտքը, որ աշխատանքային գործունեության լուսաբանումը ներկայացվում է իբրև անթույլատրելի գործողություն։ Ի վերջո, մեր օրենսդրության համաձայն քարոզի տակ հասկացվում է այնպիսի գործողության կատարումը, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին՝ քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի կամ կուսակցության օգտին և չկան փաստեր պնդելու, որ պարոն Ավինյանի կամ որևէ այլ անձի կողմից որևէ գործողություն կատարվել է հենց այդ նպատակով։ Մեկ այլ խնդրահարույց մտքերից է այն, որ արդարացիորեն նշվում է, որ ցանկացած իշխանություն այդ կարգավիճակն ունենալու բերումով ունենում է որոշակի առավելություն, բայց չի խոսվում, որ գործող իշխանություն լինելը նաև ունի իր բացասական կողմերը նախընտրական քարոզչության տեսանկյունից, քանի որ բոլոր առկա և չլուծված խնդիրները վերագրվում են հենց գործող իշխանությանը և ոչ ընդդիմությանը։ Այս ամենը ցավոք հիմքեր է տալիս կասկածելու այս նյութերը պատրաստող անձանց անաչառությանը։ Հուսով եմ նման կասկածներ ունենալու առիթներ մենք այլևս չենք ունենա։
- Բայց հրապարակումներից մեկում կար նաև անդրադարձ այլ կուսակցությունների նախընտրական քարոզչության դրսևորումներին և ասվում էր, որ դա նպաստում է մրցակցային դաշտի խեղաթյուրմանը
- Եվ նորից համաձայն չեմ։ Տեսեք, ինձ համար նշանակություն չունի թե սխալ իրավական գնահատականը տվյալ դեպքում վերաբերում է միայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, թե նաև այլ ուժերին։ Սխալ գնահատականը մնում է սխալ գնահատական։ Ասեմ ավելին, մինչ նախընտրական քարոզչություն սկսելը տարբեր ուժերին քաղաքական նյութ պարունակող գովազդի տեղադրման թույլտվություններ տվել է հենց քաղաքապետարանը։ Եվ մեզ համար նշանակություն չի ունեցել, որ գովազդը հայցողը մեր վաղվա քաղաքական մրցակիցն է կամ այլ հանգամանքներ, տեսել ենք օրենքով արգելված չէ, թույլտվությունը տրվել է։ Շատ պարզ։