Անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտի խնդրի լուծման ուղղությամբ վերջին հինգ տարում արված քայլերին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը շեշտել է, որ դա արել է քաղաքական թիմը, մեկ մարդը չէր կարող անել։
«Այն, ինչ իրականացրել են կառավարությունը, Երևանի ավագանին, կներեք անհամեստության համար, նախաձեռնել է նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վերագրել միայն մեկ հոգու, երբ իրականացրել է մեկ թիմ Կառավարությունն է այդ վարկի պատասխանատուն։ Այսօր կառավարությունն է այդ վարկը մարում։ Նախաձեռնել է իմ գրասենյակը, ես եղել եմ ՎԶԵԲ ՎԶԵԲ Կառավարիչների խորհրդի փոխնախագահը․ դե, այդտեղ էլ թողեք մի քիչ ես անհամեստություն անեմ, բայց ես չեմ կարող ասել, որ միայն ես եմ արել»,- ասել է նա՝ պնդելով, որ նման ծրագրերն արվում են կառավարության ու նախարարությունների հետ համատեղ։
Ավինյանը նաև անդրադարձել է վերջին մի քանի ամսում կառավարության կողմից քաղաքապետարանին տրված 10 մլրդ դրամի մասին։ Հարցին, թե ինչու նախկինում չի տրվել այդ գումարը, Ավինյանն ասել է. «Իսկ ուզող կա՞ր։ Այդ 10 կամ 20 մլրդ-ը ուզող կա՞ր, կա՞ր էն մարդը, որ հասկանում էր, որ այս ծավալի խնդիրները, որ Երևանն ունի, իր բյուջեի շրջանակներում ուղղակի լուծելի չեն»։