Վերջին 1 տարվա ընթացքում շրջել եմ բոլոր վարչական շրջաններում, որդեգրել եմ 1 կարևոր սկզբունք, որը դարձել է այսօր մեր նախընտրական ծրագրի հենքը՝ «Ասեք, կանենք», որովհետև 1 տարի է դուք ասում եք և մենք անում ենք։ Այս մասին էրեբունցիների հետ հանդիպմանը հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր պահանջատեր են իրենց բակի, իրենց փողոցի և իրենց քաղաքի համար։ Ձեր պահանջատիրությունը մեզ բոլորիս դարձնում է աշխատող և ոգևորում է»,- նշել է Ավինյանը։
Փոխքաղաքապետի խոսքով՝ բակ չի եղել, որ չբարձրացնի ջրի խնդիրը․ «Ցավոք, ջուրը քաղաքապետարանի տիրույթում չէ։ «Վեոլիա ջուրն» ունի իր պայմանագրային պարտավորությունները։ Սակայն ես պատասխանատվությամբ հայտարարում եմ` եթե «Վեոլիա ջուրը» հարցը չլուծեց, մենք այդ հարցը լուծելու ենք»։
Տիգրան Ավինյանն ընգծել է, որ առաջին իրական քայլն են իրականացրել Աջափնյակի մետրոյի կայարանը կառուցելու համար։ Երևան քաղաքի մետրոյի նախագծող ընկերությունից պատվիրվել է նախագիծ։
«Մինչև տարեվերջ մեզ տալու են նախագիծը։ Ասեմ ավելին, կառավարության հետ պայմանավորվել ենք, որ հաջորդ տարվանից համապատասխան ֆինանսավորումը լինելու է դրված մեր միջնաժամկետ ծախսային ծրագրերում։ Դա նշանակում է, որ հաջորդ տարի սկսելու ենք կայարանի կառուցումը»,- ասել է փոխքաղաքապետը։
Ըստ Տիգրան Ավինյանի՝ Երևանում 2025թ․ ավարտին չպիտի լինեն չհիմնանորոգված մանկապարտեզներ, որովհետև երեխաներն արժանի են լավագույն պայմաններին։ Սկսել են պոլիկլինիկաների վերանորոգումը։ Հիմանորոգել են և շարունակելու են հիմնանորոգել մարզադպրոցները։
Մանրամասները՝ տեսանյութում։