«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Նուբարաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե հենց այդտեղից են սկսում քարոզարշավը, քանի որ չկան լավ կամ վատ վարչական շրջաններ։ Ըստ Ավինյանի՝ Նուբարաշենը նույնքան կարևոր է, որքան Կենտրոնը, Շենգավիթը, Արաբկիրը և այլն։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ Նուբարաշենի ամենադժվար խնդիրներից մեկը եղել է տրանսպորտի հարցը, որը մեղմվել է։
Տիգրան Ավինյանը ներկայացրել է իրականացված աշխատանքը։ Ըստ նրա՝ Երևանում միայն այս տարի համայնքը կազմակերպել է 24 մանկապարտեզի հիմնանորոգում և նորերի կառուցում․ «Շատերը բացվել են, շատերը կբացվեն այս տարվա ընթացքում։ Բայց ուզում եմ հստակ արձանագրել, որ վերջին 40 տարվա ընթացքում սա ամենամեծ շինարարության ծավալն է, որ տեղի է ունենում Երևանում»,- ասել է նա։
Տիգրան Ավինյանը նաև նշել է, թե Երևանում բարեկարգվել են բազմաթիվ այգիներ ու պուրակներ. «Մասնավորապես, Մերգելյանի այգին, Դավթաշենի առաջին զանգվածի այգին, Տորք Անգեղի արձանին հարակից այգին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու հարակից տարածքը, Կոմիտասի շուկայի հարակից պուրակը, Հաղթանակի 40-ամյակին նվիրված այգին, Օղակաձև այգին և այսպես շարունակ»։
Ըստ Ավինյանի՝ վերջին մեկ տարում 35 հա անտառ է տնկվել։
«2025թ. ավարտին Երևանում չբարեկարգված մանկապարտեզ չպետք է լինի»,- ասել է նա։
«Այս ամենը մենք անում ենք ձեզնից ստացած հանձնարարականի հիման վրա։ Դուք ասել եք մեզ, և մենք արել ենք»,- նշել է նա՝ շարունակելով․ «Դուք ասել եք՝ բարեկարգեք մեր բակերը, մենք բարեկարգել ենք։ Ասել եք՝ հիմնանորոգեք մանկապարտեզները, մենք հիմնանորոգել ենք։ Ասել եք՝ բարեկարգեք, կանաչապատեք պուրակները, մենք արել ենք հենց դա։ Եվ մենք ևս մեկ անգամ եկել ենք ձեզ ասում՝ ասեք, և մենք կանենք»։
Տիգրան Ավինյանը հորդորել է չմտածել, որ դժվար է որևէ գործ անել, որ անհնար է. «Չկա նման բան։ Յուրաքանչյուր գործ անելու համար պետք է կամք, որը մենք ունենք, և պատասխանատվություն»։