Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է մայրաքաղաքում օդի որակի խնդրին՝ նշելով, որ կենտրոնացել են ավելի շատ վերլուծական տվյալներ տրամադրելու և դրա հիման վրա գործողությունները կարգավորելու վրա։
«Մասնավորապես, մենք կկարողանանք իրականացնել ինվերսիոն շերտի կանխատեսումներ։ Սա նշանակում է, որ օդում որոշակի բարձրության վրա ունենք վատ ցուցանիշներ, և երբ այդ շերտն իջնում է Արարատյան գոգավորության վրա՝ Երևանում, Արտաշատում, Վեդիում, Փոքր Վեդիում և Թուրքիայի տարածքում, ունենում ենք նմանատիպ խնդիր»,– ասել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ այդ կանխատեսումների հիման վրա հնարավոր է իրականացնել համապատասխան գործողություններ։
«Մարդկանց հետ խոսակցության մեջ հասկանում եմ՝ կան ինտուիտիվ կարծիքներ, որ եթե Երևանը վերածվի մի մեծ անտառի, խնդիրը կվերանա։ Սակայն դա իրականությանը չի համապատասխանում։ Սրա օրինակը Սարաևո քաղաքն է Բոսնիա և Հերցեգովինայում. այն առաջին հերթին անտառ է, հետո՝ քաղաք, բայց ցուցանիշները խայտառակորեն բարձր են։ Այնտեղ ներքին կանաչապատման աշխատանքները մեծ արդյունք չեն տալիս»,– ասել է նա՝ շեշտելով, որ կարևոր են կանխատեսումները, որոնց հիման վրա քաղաքապետարանը կպլանավորի հետագա գործողությունները։