Երևան

Վարչական շրջանների կատարած աշխատանքից ես դժգոհ եմ. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչական շրջանների կատարած աշխատանքից ես դժգոհ եմ. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ առաջնային և երկրորդային ճանապարհներին խնդիրներ գրեթե չեն ունեցել։

Նա նաև խոսել է առկա խնդիրների մասին։ «Վարչական շրջանների կատարած աշխատանքից ես դժգոհ եմ»,– ասել է քաղաքապետը՝ թվարկելով պատճառները։

«Առաջին հերթին բավարար ջանք չենք գործադրել, որ մասնավոր տնտեսվարողները, որոնք իրենց օբյեկտների դիմացի հատվածներում ձնամաքրման աշխատանքներ կատարելու պարտավորություն ունեն, տեղեկացված լինեն այդ մասին»։ Քաղաքապետը մանրամասնել է, թե ինչու է նման հայտարարություն անում. «Ունենք վարչական շրջաններ, որոնք այս ժամանակահատվածում որևէ վարչական տուգանք չեն գրել։ Դրանք 4–5-ն են, և դրան չկա բացատրություն»։

Նա նաև նշել է, որ նախկինում որոշվել է վարչական շրջաններում հատուկ աշխատակիցներ ունենալ, որոնք նման դեպքերում կմիանան ձնամաքրման աշխատանքներին և կմաքրեն բակերը, մայթերը։ Սակայն, ըստ նրա, այդ մարդիկ հունվարի 1–3-ը չեն աշխատել. «Հասկանում եմ, իհարկե, որ դա էլ է մոտեցում, բայց այն մոտեցումը չէ, որի մասին խոսել եմ տարեվերջին։ Ես հատուկ շեշտել եմ, որ ունենք ձյուն, և պետք է աշխատենք 24/7 ռեժիմով, ինչպես աշխատել է ԵԱՍՄ հիմնարկը»։

Քաղաքապետը երրորդ հանգամանքն էլ է նշել. «Ունեք մոտավորապես 300 աշխատակից, որ պետք է զբաղված լինեն տարատեսակ վարչական իրավախախտումներ արձանագրելով, և երբ ես հանում եմ այդ թիվը, համեմատում եմ հասարակական կարգի, քաղաքաշինության ու հողի վերահսկողության աշխատակիցների թվի հետ, մարդ-վարչական իրավախախտման արձանագրությունը խայտառակ թվեր են դուրս գալիս, ուղղակի խայտառակ թվեր են դուրս գալիս։ Եվ ես հասկանում եմ, որ այստեղ ունենք փոփոխությունների կարիք, որը շուտով կքննարկենք»։

«Լավամարդ դուրս գալը լավ բան չէ»,– ասել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական