Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն համալրվել է նոր, ժամանակակից և գերհագեցած «Mercedes-Benz» մակնիշի շտապ բուժօգնության 7 ավտոմեքենայով. հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ։
«Նոր ավտոմեքենաները հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով և հնարավորություն են տալիս շտապբուժօգնության անձնակազմին առավել արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին:
Ավտոմեքենաների ձեռքբերումն իրականացվել է կազմակերպության կողմից` 2.5 տարվա ընթացքում սեփական ֆինանսական միջոցների խնայողությունների հաշվին:
Մարդկանց համար արագ և որակյալ ծառայություններ մատուցելու համար մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում:
Ձեռքբերված կապի միջոցների արդյունքում, 1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100%-ով, ինչը մեզ թույլ է տալիս ուշացումով կամ անպատասխան զանգեր չունենալ:
Բջջային նոր հավելվածի միջոցով էլ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով, ինչը բավականին հեշտացնում է աշխատանքը»։