Radar Armenia-ի հարցին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի սեփական եկամուտների ավելացման գործոններին։
Նա նշել է, որ սեփական եկամուտները 2018թ․-ից աճել են չորս անգամ, վերջին երեք տարում՝ 3 անգամ։
«Հիմնական բաղկացուցիչները մի քանիսն են՝ շատ տնտեսվարողների ստվերից դուրսբերումը։ Մենք այդպիսի գործընթաց ունենք ոչ միայն Երևանի քաղաքապետարանի եկամուտների մասով, այլև՝ բոլոր ենթակա հիմնարկների, օրինակ՝ առողջության կենտրոնների։ Եթե վերցնեք որևէ պոլիկլինիկա 2018թ․, ֆինանսական հաշվետվությունները նայեք և 2025թ. մեր առողջության կենտրոնների ֆինանսական տվյալները նայեք, կտեսնեք՝ բոլորը ֆինանսապես առողջ կազմակերպություններ են, որոնց եկամուտներն ու շահույթն աճում է»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է սեփական եկամուտներին, նա նշել է. «Շատ մեծ ծավալի նոր չափաբաժին կա՝ շինարարության ոլորտից գանձվող տուրքերը․ նախորդ տարի դրանք եղել են 24 մլրդ դրամի չափով, այս տարի՝ 18 մլրդ դրամից մի փոքր ավել։ Իրականում այն, որ սրանից առաջ Երևանում անկանոն կառուցապատման պրոցես էր գնում, այս տուրքերի ներմուծումը մեր կողմից զսպել է կառուցապատողների ախորժակը»։
Քաղաքապետը նշել է, որ եկամուտներն ավելացել են նաև տարբեր տերմինալների ու սուրճի սարքերի սահմանված տուրքերը գանձելու հետևանքով, որոշ չափով գույքահարկի աճն է ավելացրել եկամուտները. «Բայց հիմնական ամենամեծ կտորը շինարարական տուրքերն են»։