Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզաձևերի մասսայականացմանը՝ նպաստելով համայնքում սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Միայն այս տարի մարզական ֆեդերացիաների հետ համատեղ Երևանում անցկացրել ենք միջազգային 11 խոշոր մրցաշար, որոնցից հինգն ընդգրկվել է միջազգային ֆեդերացիաների օրացուցային պլաններում:
Պարգևատրել եմ երևանցի լավագույն մարզիկներին ու մարզիչներին, ինչպես նաև սպորտի ոլորտում երկար տարիներ ծառայություններ մատուցած գործիչներին, ովքեր բարձր են պահում մեր քաղաքի և մեր երկրի անունը:
Երևանը նպատակ ունի կայանալ որպես մարզական կյանքի առաջատար կենտրոն՝ շարունակաբար զարգացնելով մարզական ենթակառուցվածքները և խթանելով սպորտը համայնքային մակարդակում»։