2026թ. բյուջեն մեր նախորդ մի քանի տարիների աշխատանքի տրամաբանական արդյունք է, և 2026թ․, ինչպես մեր նախընտրական խոստումներում ամրագրել էինք, իրականացնելու ենք հիմնական աշխատանքները, որոնց կարիքը Երևան քաղաքն ունի,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2026թ․ բյուջեի նախագծի վերաբերյալ իր ելույթում։
Քաղաքապետը ներկայացրել է վերջին տարիների աշխատանքի արդյունքները՝ տարեկան 500 վերելակ է փոխվել Երևանի բազմաբնակարան շենքերում, տարեկան մոտ 130 բակ է սարքվել, և այլն․
«Մենք տարեկան տասնյակ ֆուտբոլի դաշտեր ենք սարքել, մանկապարտեզներ ենք հիմնանորոգել, փոխել ենք մեր տրանսպորտի ամբողջ շարժակազմն ու շարունակում ենք փոխել այն, ավելացնել։ 2026թ․ նախատեսում ենք 45 հատ 12 մետրանոց նոր տրոլեյբուս ձեռք բերել, և համեմատականի համար ասեմ, որ սրանք նույն MAN ավտոբուսների չափի շարժակազմեր են, որ այժմ էլ կան քաղաքում»։
Ըստ նրա, ոլորտ չկա, որտեղ էական թռիչքաձև հաջողություններ չեն արձանագրվել։
Նա անդրադարձել է ընդդիմության բարձրացրած խնդիրներին, նշելով, որ դրանց էլ պետք է անդրադառնան. «Ասում են՝ Խարբերդի մանկապարտեզ։ Ինքս եմ գնացել Խարբերդ, խոստացել եմ բոլոր ջրագծերը փոխել, փոխել ենք, խոստացել էինք գազ անցկացնել, հիմնական մայր գազատարն անցկացրել ենք, մնացել են միացումները»,- ասել է նա։