Երևան

Ունենք որոշակի լծակներ, թեկուզ շատ փոքր չափով, բայց ազդելու օդի որակի վրա. քաղաքապետ

Ունենք որոշակի լծակներ, թեկուզ շատ փոքր չափով, բայց ազդելու օդի որակի վրա. քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է կատարվել մայրաքաղաքում օդի որակի խնդիրներին: Նշվել է, որ նախորդ շաբաթ եղանակային պայմաններով պայմանավորված՝ օդի որակը էապես բարելավվել է:

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանը հայտնել է. «Երեկվանից տարածաշրջան է ներթափանցել հյուսիսային քամի, որի արդյունքում արձանագրվել է օդի որակի զգալի բարելավում։ Բարելավումն այնքան էական է, որ համադրելի է ամառային ցուցանիշների հետ։ Երեկ առավոտյան PM 2.5-ի ցուցանիշը կազմում էր շուրջ 30, այսօր՝ 65,8»։

Նա նաև տեղեկացրել է. «Առաջիկա ավագանու նիստում երկու որոշումների շրջանակում նախատեսում ենք ներկայացնել լրացուցիչ փոփոխություններ՝ ուղղված մարդածին աղբյուրներից արտանետումների նվազեցմանը։ Դրանց համաձայն՝ հավելյալ սահմանափակումներ կկիրառվեն շինհրապարակների նկատմամբ, ինչպես նաև պարտադիր բարեկարգման նորմերը կդառնան կիրառելի նաև հանքավայրերի համար»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, արձագանքելով թեմային, նշել է. «Օդի որակի խնդիրը Երևանում մեծապես պայմանավորված է կլիմայական պայմաններով ու աշխարհագրական դիրքով:

Բայց մենք ունենք որոշակի լծակներ, թեկուզ շատ փոքր չափով, բայց ազդելու օդի որակի վրա: Այն աշխատանքները, որ իրականացվում են, որոշակի ազդեցություն են թողնելու:

Ինչ վերաբերում է գլոբալ փոփոխություններին, պետք է շարունակաբար դիտարկենք մեծ ծավալի կանաչապատման աշխատանքները՝ Երևան քաղաքից դուրս, որ կարողանանք որոշակի պատնեշ ստեղծենք այն քամիների համար, որ բերում են այդ օդը դեպի քաղաք»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական