Երևանի սոցիալական ոլորտի խնդիրներին առավել արդյունավետ արձագանքելու, ծրագրեր պլանավորելու և դրանք կյանքի կոչելու համար վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունն ակտիվ քննարկումներ է իրականացրել ԱՄՆ գործընկերների հետ: Քննարկումներն առավել գործնական դաշտ տեղափոխելու նպատակով հրավերի շրջանակում վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Ղարիբյանն աշխատանքային այցով եղել է Քեմբրիջում և Նյու Յորքում:
Գործուղման ընթացքում դիտարկվել են միգրատներին, ինչպես նաև սոցիալապես անապահով անձանց ուղղված զբաղվածության ծրագրերը, մասնագիտացված կենտրոնում իրականացված ուսումնասիրությունների ընթացքում քննարկվել են Երևանում նմանատիպ կենտրոններ և ծրագրեր ունենալու հնարավորությունները: Ուսումնասիրվել է Քեմբրիջի գրադարանային համակարգի փորձը և քննարկվել դրա հնարավորությունների ներդնումը Երևանում:
Մասնավորապես դիտարկվել է գրադարաններում անօթևաններին սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով սոցիալական աշխատողների հաստիքների ներդրումը, որոնք իրականացնում են մի շարք աշխատանքներ՝ խնդիրների վերհանում, համապատասխան ուղղորդումների իրականացում և այլն: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Երևանում նման գրադարան ունենալու պարագայում կարող են տրամադրել ակադեմիական և գեղարվեստական իրենց դատաբազաները:
Այցի ընթացքում ուսումնասիրվել է սոցիալական բնակարանների մոդելը, իրականացվել է այցելություն գործող կենտրոն և քննարկվել է դրա հնարավոր առաջարկների ներկայացումը Երևանում, որը կարող է լուծել անօթևանների հետ կապված խնդիրները: Ուսումնասիրվել է այնտեղ գործող խորհուրդների մոդելը և դրա կիրառության հնարավորությունը Երևանի քաղաքապետարանում, մասնավորապես քաղաքապետին կից մարդու իրավունքների հարցերով զբաղվող խորհուրդ ունենալու ձևավորումը: Դիտարկվել է տարեցներին տրամադրվող ծառայությունների առանձնահատկությունները՝ սննդի տրամադրում, ժամանցի ապահովում և այլն:
Քննարկվել են կանանց նկատմամբ գենդերային հիմքով և այլ բռնության դեպքերին արձագանքելու պրակտիկան, ուսումնասիրվել է փորձառությունն ու դրա կիրառման հնարավորությունը ՀՀ-ում: Քննարկվել են նաև երեխայի իրավունքներին առնչվող, միգրատներին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև քննարկվել են համայնքային կարիքներն ու դրանց ուղղված գործողությունները: Քաղաքների միջև ակտիվ գործակցության հաստատման շրջանակում կարևորվել է հատկապես Երևանում սոցիալական ծառայություններ մատուցող ՀՈԱԿ-ի հիմնումից հետո փորձի փոխանակումը:
Հաշվի առնելով Երևան և Քեմբրիջ քույր քաղաքների շարունակական համագործակցությունը՝ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, որ Cambridge Stem Fest-in 2026թ. ամռանը մասնակցեն նաև կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներ Երևան քաղաքից: Ֆորդամի համալսարանում դասախոսությունից հետո Գևորգ Ղարիբյանը հանդիպում է ունեցել Նյու Յորքի Stem works studio-յի տնօրեն Դայնեշ Շարմայի հետ և ձեռք է բերել պայմանավորվածություն, որ Երևան քաղաքից մի խումբ երեխաներ էլ մասնակցեն New York stem workshop-ին:
Գործուղման ընթացքում իրականացված քննարկումնները, դիտարկումներն ու փորձի ուսումնասիրությունը կարևոր հիմք են հետագա սոցիալական ծրագրերի իրականացման համար: Գործընկեր կողմը պատրաստակամություն է հայտնել մաս կազմել Երևանում նոր ծրագրեր իրականացնելու գործին: Սոցիալական ոլորտում կատարած աշխատանքի և գործունեության համար Քեմբրիջի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Ղարիբյանին շնորհվել է Քեմբրիջ քաղաքի բանալին, ինչպես նաև շնորհվել է Սոցիալական առաջնորդության մետաղադրամ: