Երևան

Կընդունվեն կարգավորումներ, որոնք փոխկապակցված են լինելու մեր կառուցապատողների պարտաճանաչության հետ. քաղաքապետ

Կընդունվեն կարգավորումներ, որոնք փոխկապակցված են լինելու մեր կառուցապատողների պարտաճանաչության հետ. քաղաքապետ

Կանոնները կխստացվեն բոլոր այն կառուցապատողների նկատմամբ, ովքեր խախտում են ավագանու սահմանած կարգավորումները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ դեկտեմբերին ընդունվելիք նախագծով շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար կառուցապատողները կզրկվեն ժամկետի երկարաձգման շուրջ 85% արտոնությունից, որը նախատեսվում է 2026 թվականին:

«Մենք տարբերակված մոտեցում ենք ցուցաբերելու այն կառուցապատողների նկատմամբ, որոնք պատշաճ կերպով իրականացնում են իրենց ցանցերի և օդի որակի չափիչ սարքերի տեղադրումը։ Այն կառուցապատողները, ովքեր մտածում են՝ սա ավելորդ ծախս է, շուտով կտեսնեն, թե որն է իսկական ավելորդ ծախսը։ Դեկտեմբերին կընդունվեն այնպիսի կարգավորումներ, որոնք ուղղակիորեն փոխկապակցված են լինելու մեր կառուցապատողների պարտաճանաչության հետ», – ընդգծել է քաղաքապետ Ավինյանը: 
Շինհրապարակների թերի կազմակերպման համար հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում կազմվել է վարչական իրավախախտման 316 արձանագրություն: Անբարեխիղճ կառուցապատողների առաջին տասնյակում են «ԴԵՖԱՆՍ ՀԱՈՒԶԻՆԳ ԻՆՎԵՍՏ», «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ», «ԴԻՍՔԱՎԵՐԻ», «ԵՐԵՎԱՆԻ ԶԵՅԹՈՒՆ-ՍԱՌՑԱՐԱՆ», «Լորիդա Գրուպ», «ԱՐԿԱԴԱ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ», «ԷԼԻՏ ԳՐՈՒՊ», «ՋԱՍԹ ԴԻՎԵԼՈՓԵՐ», «Ս․Ս․ԵՂԲԱՅՐՆԵՐ» և «Ս․Տ․Շ․-ՊԻՐԱՄԻԴԱ» ընկերությունները:   
Որպես բարեխիղճ կառուցապատող առանձնացվել է «ԳՐԻՆ ՓՐՈՓԵՐԹԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԲԸ-ն, շինարարությունն իրականացնում է «ՄԵՏՐՈՇԻՆ» ԲԲԸ-ն, հասցեն՝ Ազատության պողոտա 26/1: 
***
Անդրադառնալով նախորդ գիշեր արձանագրված օդի որակի էական վատթարացմանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ դա պայմանավորված էր նաև ՀՀ տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով: Քաղաքապետը խոսել է նաև բակերում տերևներ վառելու ավանդույթի մասին.
«Շատերդ տեսել եք կողքի բակում կամ մեր բակում ինչ-որ մեկին, որ հավաքում է տերևներն ու աղբը և վառում է։ Սիրելի երևանցիներ, փոքրիկ տերևների ու «աղբի վերամշակման գործարաններն» ուղղակիորեն առաջին հերթին թունավորում են ձեզ, թունավորում են ձեր միջավայրը, թունավորում են երեխաներին: Երբ մենք անընդհատ խոսում ենք շինարարական փոշու մասին և դրա դեմ պայքարում ենք, հրդեհների ծուխը, 3–5 անգամ ավելի վնասակար է: Մենք տեսնում ենք, որ յուրաքանչյուր նոյեմբեր ամսից սկսում է օդի որակի վատթարացումը», – նշել է քաղաքապետն ու կարևորել խնդրի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը։ 
***
Երևանի բուսաբանական այգում հիմնվող «Կյանքի պուրակ»-ի  կառուցապատումը շարունակվում է: Անցկացվում է ոռոգման նոր համակարգ, կառուցվում են ճեմուղիներ, ավարտված են հուշահարթակի բետոնային, գլխավոր պոմպակայանի սարքավորումների մոնտաժումը: Ավարտական փուլում են լուսավորության հենասյուների մոնտաժման, ինչպես նաև արհեստական լճակի բետոնային աշխատանքները, իսկ երկու կամրջակների մոնտաժումից հետո կսկսվի հարդարումը և երեսպատումը:
***
Երևանի Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի Ճանապարհային ոստիկանության հենակետ ճանապարհահատվածի արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգումն ամբողջությամբ ավարտված է. կառուցվել է 1.6 կմ-ոց  արտաքին լուսավորության ցանց: Տեղադրվել է 52 հենասյու և 104 լեդ «խելացի» լուսատու: 
***
Երևանում ավարտվել են փողոցների ճաքալցման աշխատանքները: Գործընթացն իրականացվել է 8 վարչական շրջանների 21 փողոցներում, ընդհանուր առմամբ 527,400 գծամետր ծավալով: 
***
Շտապբուժօգնության ծառայության որակը վերջին տարիներին էականորեն բարլավվել է. 2023թ. հուլիսի 1-ին ներդրվել է վճարովի ծառայությունների դիմաց անկանխիկ եղանակով վճարելու համակարգ, 2024թ․ ներդրվել է պլանշետներով կանչերի էլեկտրոնային մուտքագրման  համակարգ, «1-03» օպերատիվ ծառայության զանգերի անխափան և առավել արդյունավետ աշխատանքի համար էլ ներդրվել է «E-1 կապուղի», զանգերի դիտարկման և ձայնագրման սարքավորումներ, որոնց շնորհիվ անպատասխան զանգերի հավանականությունը հավասարվել է 0-ի։ Արդյունավետ կառավարման շնորհիվ 141 մլն դրամի վնասով աշխատող ընկերությունն արդեն իսկ 2025թ. առաջին կիսամյակում գրանցել է 168 մլն-ի հասնող շահույթ:  
***
gis.yerevan.am էլեկտրոնային համակարգում հաշվառվել է 3208 հատ սուրճի և վճարային տերմինալ, որից թույլտվություն ունի 2162-ը: Քաղաքապետը հանձնարարել է մինչև տարեվերջ բանակցել, և չգրանցվածները, որոնց տերերը չեն ցանկանա դրամք օրինականացնել, ապամոնտաժել։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական