Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով.
«Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը կրկին ստահոդ լուրեր է տարածում մայրաքաղաքում հատվող ծառերի վերաբերյալ, գրեթե երեք տարի սթրեսի մեջ պահելով երևանցիներին։ Ի դեպ, Վարդանյանը լինելով մանկաբույժ, ոլորտի մասնագետների, գիտնականների հասցեին արդեն որերորդ անգամ վիրավորական արտահայտություններ է հնչեցնում։
Տեղեկացնում ենք, որ Տիգրան Մեծ պողոտայում և Ագաթանգեղոսի փողոցում կատարվել են մայթերի բարեկարգման աշխատանքներ, անցկացվել է ոռոգման համակարգ, ինչը երկար տարիներ բացակայել է։ Միևնույն ժամանակ հատվել են մոտ 80 տարեկան բարդի և կենսունակությունը կորցրած փտած, տապալման ենթակա հացենիներ։
Հարգելի երևանցիներ, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կրկին հորդորում է չտրվել հերթական կեղծիքին։ Տեղեկացնում ենք, որ ոլորտի մասնագետների ցուցումներով կատարվում են կենսունակության ավարտին մոտ, փտած, տապալման ենթակա, չոր, կիսաչոր ծառերի հատումներ և կոճղարմատների հեռացում։
Տիգրան Մեծ պողոտայում և Ագաթանգեղոսի փողոցում տնկվելու են թխկիներ և սոսիներ։ Նշենք, այս գործընթացին զուգահեռ բացվում են տասնամյակներով տնտեսվարողների կողմից փակված բնաբաժակները, հետևաբար տնկվող ծառերի թիվն ավելի շատ է լինելու»։