Այսօր նշվում է Ուսանողների օրը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է, որ մեր երկրի կրթական, գիտական և տեխնոլոգիական ապագան հենց ուսանողների ձեռքում է։
«Նրանք են որոշելու, թե ինչպիսի Հայաստան ենք կառուցելու առաջիկա տարիներին՝ ավելի ստեղծարար, ավելի տեխնոլոգիական, ավելի մրցունակ։
Պոլիտեխնիկում համալսարանի ամբողջ զարգացման տրամաբանությունը հենց ուսանողների պահանջների, հետաքրքրությունների ու հնարավորությունների վրա է կառուցված։
Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ ընդգծել, որ վերջին տարիներին Պոլիտեխնիկը ձևավորվում է որպես իսկական նորարարական միջավայր։
Պոլիտեխնիկի լայնածավալ և հեռանկարային ծրագրերի հիմքում դրված է տեխնոլոգիապես հագեցած լաբորատորիաների, կրթական կենտրոնների և բազմաֆունկցիոնալ լսարանների ստեղծումն ու դրանցում կրթական և գիտահետազոտական մեթոդաբանությունների զարգացումը։
Վերջին տարիներին՝
- ՀԱՊՀ Ավագ դպրոցում հիմնվել է ժամանակակից ֆիզիկայի լաբորատորիա՝ համալրված նորագույն սարքավորումներով։ Դրա հիման վրա ստեղծվել է հեղինակային ուսուցման մեթոդաբանություն, որը հնարավորություն է տալիս աշակերտներին գործնականորեն ուսումնասիրել բնական գիտությունները։ Այստեղ նրանք նաև պատրաստվում են միջազգային օլիմպիադաներին՝ արձանագրելով նշանակալի հաջողություններ։
- Հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա», որտեղ իրականացվում են միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ համաշխարհային դասի ծրագրային գործիքակազմի ապահովման, բարձր ճշգրտությամբ տեխնիկական միջոցների և համաշխարհային տեխնոլոգիական ստանդարտների կիրառմամբ։ Նորաբաց լաբորատորիայի շնորհիվ համալսարանը հնարավորություն է ստացել դառնալու Cadence համաշխարհային ակադեմիական էկոհամակարգի լիիրավ անդամ:
- Բացվել է Հեռահաղորդակցության լաբորատորիա, որտեղ ուսանողները կարող են գործնականորեն ուսումնասիրել հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կառուցվածքն ու գործունեությունը։
- Ստեղծվել է Էներգախնայողության կենտրոն, որը նպաստելու է Էներգետիկայի ռազմավարական զարգացման լաբորատորիայի արդյունավետությանը, ինչը մասնագետներին հնարավորություն է տալու օգտագործելու էներգետիկայի ոլորտի արտադրությունը ամբողջությամբ հավաքագրող ծրագրային փաթեթներ և ունենալ ճշգրիտ մոդելներ՝ ազատականացված շուկայի խնդիրները և մարտահրավերները հասկանալու համար:
Պոլիտեխնիկը շարունակում է ձևավորել նորարարական կրթական միջավայրեր՝ միավորելով գիտությունը, տեխնոլոգիաներն ու կայուն զարգացման գաղափարները։ Մեր նպատակն է՝ պատրաստել մրցունակ մասնագետներ, ուժեղացնել գիտական ներուժը և ամրապնդել համալսարանի դերը որպես առաջատար տեխնոլոգիական կենտրոն։