Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է Երևանում էստակադաներին՝ նոր ճանապարհներին։
«Մենք ունեցել ենք մի քանի նախագիծ՝ կրկեսի մոտ, «Հայրենիք» կինոթատրոն մոտի անցումների ու էստակադայի նախագծեր, որոնցից կտրականապես հրաժարվել ենք»,-ասել է նա։ Ըստ Ավինյանի՝ նախագծերից հրաժարվել են, քանի որ քաղաքի համար կարևոր հանգույցներում 3-4 տարով իրականացվելու են շինարարական աշխատանքներ, և երբ նայում են պոտենցիալ արդյունքները, թե ինչ կստանան, նույն իրավիճակն էր լինելու, ինչ հիմա։
«Էստակադաների միջոցով քաղաքի միջավայրը դարձնում ենք մայրուղային միջավայր»,-ասել է նա և նշել, որ Իսակովը Արշակունյացին միացնող ճանապարհը, որի մրցույթը կայացել է, բավականին արագ է պրոցեսը առաջ գնում, և, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարեսկզբին ինտենսիվ շինարարական աշխատանք է լինելու Իսակով-Արշակունյաց ճանապարհին։
Քաղաքապետի խոսքով՝ բոլոր այն հատվածներում, որտեղ կա հնարավորությունը, գնում են այդ ճանապարհով, իսկ այն հատվածներում, որտեղ արդյունքը լինելու է շատ անորոշ, հրաժարվում են ճանապարհից. «Գյուրջյանի ճանապարհի նախագիծը վերջնականացման փուլում է, հաջորդիվ՝ Նոր Նորքից Նորք Մարաշով իջնելու ենք ուղիղ, հասնելու ենք Մյասնիկյան պողոտա, հաջորդ փուլով էստակադայի խնդիրը պետք է լուծենք՝ գազանանոցի հատվածից ավելի ներքև, Սարալանջի կամուրջ չհասած։ Բայց առաջին փուլով գնում ենք ճանապարհի կառուցման»,-ընդգծել է քաղաքապետը։