Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2026թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը հայտարարել է, որ վերջին երեք տարվա ընթացքում մայրաքաղաքի սեփական եկամուտները եռապատկվել են։
«Այսինքն, եթե մենք խոսում ենք 2023 թվականի մասին, որի ժամանակ քաղաքապետարանը ուներ 30-ից մի փոքր ավել մլրդ դրամ սեփական եկամուտներ, ապա 2025 թվականին սեփական եկամուտների մակարդակը հասցված է 90 մլրդ դրամի»,-ասել է Տիգրան Ավինյանը։
Նա ընդգծել է, որ սեփական եկամուտների աճին զուգահեռ նվազում են պետական եկամուտներից հատկացվող միջոցները. «Օրինակի համար, 2023 թվականին Երևանի քաղաքապետարանը բյուջեից ստանում էր մոտավորապես 21 մլրդ դրամ՝ չհաշված շինարարական աշխատանքները, 2026 թվականին ստանում է 8,2 մլրդ դրամ՝ 21 մլրդի փոխարեն»,-ասել է քաղաքապետը։
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն էլ, արձագանքելով քաղաքապետի հայտարարությանը, նշեց. «Լիովին համամիտ եմ, որ համայնքների զարգացման ուղղությամբ մեր աշխատանքները չեն հասնի մեծ արդյունքի, եթե ֆինանսավորման հարցը չդնենք քննարկման։ Ուզում եմ տեղեկացնել, որ «Սալար» ընկերության հետ պայմանավորվել ենք, որ գուցե ԱԺ ներկայացնեն իրենց պրեզենտացիան»։