Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Նուբարաշենի աղբավայրի հրդեհին։
Նա նշել է, որ քրեական վարույթ կա, հարցաքննվել են տարբեր մարդիկ։
Քաղաքապետը պարզաբանել է, թե ինչն է հիմք հանդիսացել իր հայտարարության համար, որ աղբավայրի հրդեհը դիտավորություն է։ Նա հիշեցրել է, որ աղբավայրի կառավարումը մասնավոր ընկերությունից քաղաքապետարանը վերցրել է իր ձեռքը։ «Միջադեպից երկու օր առաջ որոշ անձինք որոշ բաներ են խոսել աղբավայրում, որ շուտով ինչ-որ բան է տեղի ունենալու։ Անմեղության կանխավարկածը միշտ պետք է պահենք։ Բայց ուզում եմ նաև շեշտել՝ քաղաքապետարանն այնտեղ ամբողջական տեսահսկման համակարգ է դնում, նաև՝ տարատեսակ մեքենաների մուտքի սահմանափակումներ են լինելու։ Այսուհետ բավական խիստ է լինելու այդ հատվածում վերահսկողությունը»,- ասել է նա։
Քաղաքապետը նշել է, որ աղբավայրի խնդիրը 70-ամյա վաղեմություն ունի։ Նա մանրամասնել է խնդրի կարգավորման ուղղությամբ արվող քայլերը՝ «Հայտարարում ենք երկփուլ մրցույթ, ՏԿԵՆ-ի, միջազգային ֆինանսական գործընկերների հետ փորձել ճանապարհ գտնել նույն նպատակի համար։ Շեշտել ենք՝ որ ճանապարհով ավելի արագ ու արդյունավետ կհասնենք խնդրի լուծմանը, դրանով գնալու ենք։ Եվ 3-րդ խնդիրը, որ դրվել է. Նուբարաշենի աղբավայրի նախնական վերամշակման նոր ծրագիր ներկայացնենք»։