Երևան

Կապահովվի Կասկադ համալիրի ավարտուն և ամբողջական տեսքը

Կապահովվի Կասկադ համալիրի ավարտուն և ամբողջական տեսքը

Կառավարությունը հավանություն է տվել ներդրումային ծրագրին, որով կվերականգնվի Կասկադ համալիրի անավարտ հատվածը, կկառուցվի որակապես նոր և ժամանակակից համերգասրահ և պատկերասրահ, համաձայն «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի, հարակից հատվածում կկառուցվի բազմաֆունկցիոնալ համալիր, որը կգտնվի ներդաշնակության մեջ առկա և ստեղծվելիք միջավայրի հետ և կամբողջացնի տվյալ հատվածի քաղաքաշինական պատկերը, կկառուցվի նոր քաղաքային այգի, կյանքի կկոչվի քաղաքի երկու հատվածները իրար միացնելու Ալեքսանդր Թամանյանի մտահղացումը:

Ներդրումային առաջարկը Երևանի քաղաքապետարանը ստացել է 15.01.2025թ. Երևանի քաղաքապետի 123-Ա «Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման իրավունքի շնորհման բաց մրցույթ հայտարարելու, մրցույթի գնահատող հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի անհատական կազմը և կանոնակարգը, պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» որոշմամբ հայտարարված բաց մրցույթի արդյունքներով, որի նպատակն է եղել Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերականգնման նախագծի իրականացման նպատակով ներդրողի ներգրավումը:

Մրցույթի մասնակիցների համար ներկայացված պահանջներն են հանդիսացել վերջին յոթ տարվա ընթացքում նվազագույնը 30 000 քմ (երեսուն հազար) շենք/շինության կառուցապատման փորձ, որը կհավաստվի համապատասխան քաղաքաշինական և կադաստրային փաստաթղթերով կամ կառուցապատման փորձը հավաստող պատշաճ տեղեկանքով՝ պայմանով, որ մրցույթը հաղթելու դեպքում, մինչև պայմանագրի ստորագրումը, կներկայացվեն քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերը և ընկերության կամ ընկերության մասնակցի (եթե մասնակիցն իրավաբանական անձ է) կամ մասնակցի մասնակցությամբ փոխկապակցված ընկերության վերջին երեք տարվա համախառն շրջանառությունը, ներառյալ՝ ԱԱՀ չպետք է պակաս լինի 20 (քսան) միլիարդ ՀՀ դրամից։ Մասնակիցներին հնարավորություն է տրվել մասնակցել առանձին կամ այլ ընկերությունների հետ համատեղ, կոնսորցիումի միջոցով: Մասնակիցները մրցույթին մասնակցելու համար ներկայացրել են քաղաքաշինական հայեցակարգ, որն ի թիվս այլնի պետք է ներառեր նաև՝ գաղափարի իրականացման համար անհրաժեշտ համալիր միջոցառումները, քաղաքաշինական լուծումները, կառուցապատվող հատվածների և դրանից դուրս՝ Կասկադ համալիրի շրջակա տարածքների կանաչապատման հայեցակարգ, հնարավոր ռիսկերի կառավարման մեխանիզմները և այլն, ինչպես նաև ներդրումային ծրագիր, որն ի թիվս այլնի պետք է ներառեր նաև ներկայացվող առաջարկի տեխնիկատնտեսական ցուցանիշները և հիմնավորումը և նախագծի իրականացման համար նախատեսվող ներդրումների չափը, որը չէր կարող պակաս լինել 13 մլրդ ՀՀ դրամից:

Մրցույթին մասնակցած և հաղթած միակ մասնակցի (ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ», «ՌԵԱԼ ՋԻ», «ԿԱՐԳՈ ՍԸԼՈՒՇՆ ԲՐՈՔԵՐԵՅՋ», «ԿԱՐԳՈ ԷՔԱՊՐԵՍ ՋՈՐՋԻԱ» ՍՊ ընկերություններ) կողմից ներկայացված ներդրումային առաջարկը կազմել է 20 մլրդ 46 մլն ՀՀ դրամ: Վերջինս իրենից ներկայացնում է ամերիկյան ընկերության մասնակցությամբ չորս ընկերություններից կազմված կոնսորցիում և այս ընկերությունների կողմից ծրագրի իրականացմումը, ըստ էության, դեպի ՀՀ օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավման օրինակ է հանդիսանում: Ընդ որում, վերջինիս կողմից, բացի մրցույթի փաթեթով առաջարկված ներդրման գումարից, վճարման է ենթակա նաև բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման համար օտարվող Թամանյան 10/3 հասցեում գտնվող համայնքային հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ որը կազմում է շուրջ 10 մլրդ 449 մլն ՀՀ դրամ, քանի որ շուրջ 4,6 հա մակերեսով հողամասի մակերեսը գտնվում է տարածագնահատման սխեմայի 2-րդ գոտում:

Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Կասկադ համալիրի ավարտուն և ամբողջական տեսքը, նոր քաղաքաշինական միջավայրի՝ «Արվեստի թաղամասի», քաղաքային նոր այգու ստեղծումը, անընդհատ կապը Հոկտեմբերյան Հեղափոխության 50-ամյակի հուշարձանի, Գաֆեսչյան թանգարանի, «Կասկադ մշակութային հանգույց»-ի, նոր թաղամասի, քաղաքային այգու և Մատենադարանի միջև: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի ունենալ համայնքապատկան նոր համերգասրահ՝ նախատեսված 1000 հոգու համար, որն ապահովված կլինի ժամանակակից լուծումներով և հնարավորություն կտա հյուրընկալել միջազգային ճանաչում ունեցող ստեղծագործողների և խմբերի, ինչպես նաև նոր ընդարձակ ժամանակակից պատկերասրահ, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել աշխարհահռչակ նկարիչների ցուցադրություններ, համագործակցել աշխարհի տարբեր հռչակավոր պատկերասրահների հետ և այդպիսով մշակութային կյանքին հաղորդել նոր որակ ու սահմանել նոր նշաձող, ինչը կնպաստի զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական