Երևան

Երևանի քաղաքապետարանը կընդգրկվի ISPCAN-ի գործընկեր կառույցների ցանկում

Երևանի քաղաքապետարանը կընդգրկվի ISPCAN-ի գործընկեր կառույցների ցանկում

Հոկտեմբերի 5-ից 10-ը անցկացվող Երեխաների նկատմամբ բռնության և անտեսման կանխարգելման միջազգային կազմակերպության (ISPCAN) կողմից կազմակերպված միջազգային կոնգրեսին և «Rise Up» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Ղարիբյանը գտնվում էր Վիլնյուսում:

Համաժողովի շրջանակում Գևորգ Ղարիբյանը հանդես է եկել զեկույցով՝ անդրադառնալով Սոցիալական ծառայությունների աշխատուժը որպես երեխաների պաշտպանության համակարգերի կարևորագույն հենասյուն հզորացնելուն, ֆինանսավորելուն և ընդլայնելուն, Երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխմանը Հայաստանում ու Երևանի փորձին:

Այցի ընթացքում նա հանդիպել է Վիլնյուսի փոխքաղաքապետ Սիմոնա Բիելիունեի, սոցիալական ծառայությունների կենտրոնի փոխտնօրեն Տոմա Միկելկևիչուտեի և կրթական կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները։
ISPCAN կազմակերպության ներկայացուցիչ Պրագատի Թումալայի կողմից վարչության պետին շնորհվել է անժամկետ անդամակցություն՝ երեխաների պաշտպանության ոլորտում ներդրված ավանդի համար:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Երևանի քաղաքապետարանը, ի դեմս աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության, ընդգրկելու ISPCAN-ի գործընկեր կառույցների ցանկում:

Առաջարկվել է Երևանի քաղաքապետարանի փորձը հրապարակել ISPCAN-ի “Child Protection and Practice” գիտական ամսագրում:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական