Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կոյուղու վթարների թվին՝ նշելով, որ շաբաթական 400 դեպք է գրանցվում։ «Բայց այդ վթարները, այսպես ասած, «տեր չունեն», և մենք պարտավոր ու ստիպված ենք 300 մլն դրամ հատկացնել դրանք սպասարկելու համար», - ասել է նա։
Նա տեղեկացրել է, որ հաջորդ տարվա բյուջեում նախատեսվել է 300 մլն դրամ՝ նման դեպքերում խնդիրները լուծելու համար։
Ավինյանը հանձնարարել է պարզել, թե ո՞վ է այդ խնդրի պատասխանատուն։ «Եթե ուզում են, որ մենք լինենք, դրա իրավական ձևակերպումները տանք», - ասել է նա՝ հավելելով, որ օրական բազմաթիվ նամակներ է ստանում կոյուղու վթարների մասին։ «Գումարը հատկացրել ենք, բայց վաղը դրա իրավական ձևակերպումն ի՞նչ պետք է լինի, ի՞նչ հիմքով ենք դա անում, ո՞ր լիազորության շրջանակներում։ Լավ, եկեք պայմանավորվենք, որ Երևանի քաղաքապետարանն է պատասխանատու, մենք էլ գնանք, մեր գլխի ճարը տեսնենք», - նշել է նա։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի դիտարկմանը, թե անհրաժեշտ է գույքագրում իրականացնել, Ավինյանը պատասխանել է. «Լավ, երեք տարի է՝ գույքագրում ենք։ Իմպերատիվ որոշել եմ՝ 300 մլն դրամ պետք է հաջորդ տարի հատկացնենք՝ անկախ գույքագրումից, իրավական որևէ ձևակերպումից, մեր գույքն է, թե ոչ, մենք պետք է սպասարկենք, թե չէ մարդիկ մեզանից ակնկալիքներ ունեն»։