Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Արզումանյան 10 և 17 հասցեներում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագրին։
Նա նշել է, որ Երևանի քաղաքապետարանն ուղղակի պարտավորություն չունի, սակայն ծրագիրն իրականացվում է բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով։ «4-րդ կարգի վթարային շենքում բնակարաններն ու հասարակական տարածքներն արժեն 0 դրամ, քանի որ դրանք փլուզման վտանգի տակ են», - նշել է Ավինյանը։ Նա հիշեցրել է, որ քաղաքապետարանն առաջարկել է բնակիչներին վերաբնակեցման ծրագիր, որի շրջանակում այդ հասցեներում կկառուցվի նոր շենք, և բնակիչները կապահովվեն նոր բնակարաններով։ «0 դրամը պետք է վերածվի բնակարանի, և բոլոր նրանք, ովքեր դատական գործընթացներով խոչընդոտում են, պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը», - ասել է նա։
Ավինյանը նշել է, որ իրեն չի հետաքրքրում հայցադիմումների մերժման պատճառը՝ լինի դա տեխնիկական, թե այլ բնույթի։ Նա ընդգծել է, որ բնակիչները, հնարավոր է, չեն գիտակցում փլուզման վտանգը։ «Ի՞նչ է լինելու վերջում, ի՞նչ են պատկերացնում: Այդ ձգձգումներով ի՞նչ ենք անելու: Ասեմ՝ եթե խնդիրը չլուծվի, մի օր այդ շենքերը պարզապես կփլվեն, և պատասխանատվությունը, առաջին հերթին, կրելու են նրանք, ովքեր ամեն կերպ խոչընդոտում են ծրագրի իրականացմանը», - հայտարարել է նա։