Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները։ Առկա է մեծ ծավալի ծխածածկույթ: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս պահին աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա՝ Փրկարար ծառայության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ու կապալառու ընկերությունների ամբարձիչներ ու բեռնատարներ՝ հողի ծածկույթով տարածքը լցնելու ուղղությամբ՝ ծուխը վերացնելու նպատակով։ Երկու օրերի ընթացքում 248 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր։
Նուբարաշենի աղբավայրի տարածքի հսկողության ու անվտանգային կանոնների պահպանման նպատակով մեկնարկել են արտաքին լուսավորության համակարգի անցկացման, տեսախցիկների ու արգելապատնեշների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ։ Մուտքի վրա խստագույն ռեժիմ է սահմանված»,- տեղեկացրել է քաղաքապետը։
Հիշեցնենք, որ երեկ գիշեր հրդեհ էր բռնկվել Նուբարաշենի աղբավայրում։ Կեսգիշերից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ջրցանները բեռնատարներով հող է տեղափոխվել, որպեսզի ծածկեն տարածը: Նաև փրկարար ծառայությունն է միացել:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը պատահական չէր և որ հրդեհի հետ կապ ունեցած որևէ անձ կենթարկվի պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։