Երևան

Երևանի կենտրոնում նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ․ Տիգրան Ավինյան

Երևանի կենտրոնում նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ․ Տիգրան Ավինյան

Երևանի կենտրոնում, ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված աշխարհագրական դիրքով՝ նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Ըստ տվիչներից ստացված տվյալների՝ արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։ Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է:

Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով»,- գրել է քաղաքապետը։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր հրդեհ էր բռնկվել Նուբարաշենի աղբավայրում։ Կեսգիշերից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ջրցանները բեռնատարներով հող է տեղափոխվել, որպեսզի ծածկեն տարածը: Նաև փրկարար ծառայությունն է միացել: 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը պատահական չէր և որ հրդեհի հետ կապ ունեցած որևէ անձ կենթարկվի պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։ 

Այսօր քաղաքապետը տեղեկացրել է, որ Նուբարաշենի աղբավայրում գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները, մուտքի վրա խստագույն ռեժիմ է սահմանված։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական