Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցազրույց է տվել Forbes-ին, որը Radar Armenia-ն ներկայացնում է ամբողջությամբ։
- Ինչպե՞ս եք օգտագործում «խելացի քաղաքի» տեխնոլոգիաները քաղաքն արդիականացնելու համար։
- Վերջին երկու տարիների ընթացքում Երևանը մեծ առաջընթաց է գրանցել թվայնացման ոլորտում։ Մենք թվայնացրել ենք ներքին աշխատանքները և հիմնել միավորված GIS համակարգը, որը թույլ է տալիս կառավարման բոլոր մակարդակներում օգտագործել իրական ժամանակում թարմացված տվյալներ։ «Ակտիվ քաղաքացի» հավելվածի միջոցով բնակիչները կարող են անմիջապես հայտնել խնդիրների մասին, ինչը թույլ է տալիս մեզ քարտեզագրել և արագ լուծել դրանք։ Հավելվածն արդեն ունի 16․000 օգտատեր և շարունակում է աճել։
Նաև գործարկել ենք «Երևան քաղաքի ծառայություններ» հավելվածը, որն այժմ առաջարկում է 14 թվային ծառայություն։ Մինչև տարեվերջ բոլոր 150 քաղաքային ծառայությունները հասանելի կլինեն այս հավելվածի միջոցով՝ թույլ տալով լիարժեք մուտք հեռախոսով։ Այս գործիքներն արտացոլում են մարդակենտրոն մոտեցում, որն ուղղված է թափանցիկությանը, հաշվետվողականությանը և ծառայությունների արագ մատուցմանը։
- Ո՞րն է քաղաքային շարժունակությունը բարելավելու ձեր ավելի լայն ռազմավարությունը։
- Երևանում հասարակական տրանսպորտը տասնամյակներ շարունակ վատ վիճակում էր։ Մենք այժմ փոխարինել ենք հին միկրոավտոբուսների պարկը ժամանակակից չինական և գերմանական ավտոբուսներով և նոր էլեկտրական տրոլեյբուսներով, որոնք կարող են աշխատել մինչև 60 կմ հեռավորության վրա։ Մեր հիմնարար բարեփոխումներից մեկը տոմսային միասնական համակարգի ներդրումն է։ Ուղևորներն այժմ կարող են անկանխիկ վճարել բանկային քարտերով՝ մետրոյում, ավտոբուսներում և տրոլեյբուսներում։ Ներկայումս ընթանում է 24/7 ռեժիմով աշխատող կառավարման կենտրոնի ստեղծումը՝ տրանսպորտային հոսքը վերահսկելու և օպտիմալացնելու համար։ Այս բարեփոխումը նշանավորում է Երևանի տրանսպորտային համակարգի ամենաընդգրկուն վերափոխումը վերջին 40 տարվա ընթացքում։
- Ինչպե՞ս եք դիրքավորում Երևանը որպես զբոսաշրջային վայր։
- Մենք դիրքավորում ենք Երևանը որպես տարածաշրջանի ամենադինամիկ մշակութային վայրերից մեկը։ Ընդլայնել ենք ուղիղ չվերթերը Ryanair-ի և Wizz Air-ի հետ և ավելացնում ենք նոր երթուղիներ դեպի Նեապոլ և շուտով նաև Մադրիդ՝ դարձնելով քաղաքը ավելի հասանելի, քան երբևէ։ Երևանի մշակութային օրացույցն իսկական գրավիչ է։ Գինու օրերը՝ մեր ամենասիրված փառատոնը, այժմ ամեն տարի ավելի քան 120․000 այցելու է բերում։ «Երևանի բալետային փառատոնը» և «Ոսկե ծիրան» կինոփառատոնը համաշխարհային ճանաչում են բերում։ «Ոսկե ծիրան»-ը հյուրընկալել է հայտնի ռեժիսորների, դերասանների և մշակութային խորհրդանիշների։ Այս տարի «Բոլշոյ» և «Մարիինյան» թատրոնների բացօթյա ներկայացումները քաղաքը վերածեցին համաշխարհային մակարդակի բեմի, որտեղ մուտքն անվճար էր հանրության համար։ Jazz Fest փառատոնն էլ սիրված է թե՛ տեղացիների, թե՛ հյուրերի շրջանում։ Կոնդ թաղամասի և Կասկադի զարգացումը, ինչպես նաև հարուստ գինու և խոհանոցի մշակույթը դարձնում են Երևանը նրբաճաշակ ու հյուրընկալ զբոսաշրջային կենտրոն։
- Ի՞նչ քայլեր է ձեռնարկում քաղաքն օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։
- Երևանը մտնում է խոշորածավալ ներդրումների փուլ։ Ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի կողմից նախագծված 2 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը համարվում է Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ օտարերկրյա ներդրումային քաղաքաշինական ծրագրերից մեկը։ Այն տեղակայվելու է քաղաքին մոտ չօգտագործված տարածքում և ներառելու է ֆինանսական ու գործարար կենտրոն, բնակարաններ, կանաչ գոտիներ և վերակառուցված Երևանյան լիճ։ Մինչ քաղաքի կենտրոնում հիմնարկեքը, մենք առաջ ենք մղում Վիլմոտի կողմից նախագծված մեկ այլ տեսարժան վայր՝ Կասկադի երկար սպասված ավարտը, որը կունենա ժամանակակից արվեստի թանգարան և 1000 տեղանոց համերգասրահ՝ Արարատ լեռան տեսարանով։ Մյուս խոշոր ծրագիրը՝ Հին քաղաքի վերակենդանացումը Կոնդում, կվերափոխի Երևանի 17-րդ դարով թվագրվող հնագույն թաղամասը՝ միավորելով մշակութային ժառանգության պահպանումն ու ժամանակակից հարմարավետությունը՝ որպես ժամանցային և ապրելակերպի կենտրոն։
- Ո՞րն է Ձեր տեսլականը Երևանի համար մինչև 2030 թվականը։
- Մեր նպատակն է Երևանը դարձնել «մարդկանց համար նախատեսված քաղաք», որտեղ թե՛ երեխաները, թե՛ տարեցները կապրեն արժանապատվորեն և հավասար հնարավորություններով։ Մենք վերացնում ենք հետխորհրդային տարիների խառնաշփոթ կառուցապատումները, ապամոնտաժում անօրինական կառույցները և վերադարձնում կանաչ տարածքները։ Արդեն վերանորոգվել է ավելի քան 120 բակ և 10 մանկապարտեզ, և նորերն ընթացքի մեջ են։ Առաջ ընթանալով՝ մենք մեր քայելում ելակետը կայունությունն է ու հետևողականությունը՝ կանաչ ենթակառուցվածքներից և էներգախնայող դպրոցներից մինչև խելացի շարժունակություն։ 2030 թվականին Երևանը կլինի ժամանակակից, կանաչ, թվայնացված և մարդակենտրոն։
- Ի՞նչ կարող են ակնկալել այցելուները Երևան գալու դեպքում։
- Ամենից առաջ՝ այցելուները կզգան մեր մարդկանց ջերմությունը։ Երևանը աշխարհի ամենահին բնակեցված քաղաքներից մեկն է՝ հարուստ մշակութային և պատմական լանդշաֆտով, որը ներառում է Հռոմից առաջ եղած արտեֆակտներ։ Միևնույն ժամանակ, սա ժամանակակից քաղաք է՝ լի կյանքով, երաժշտությամբ, համեղ խոհանոցով և աշխույժ փողոցային մշակույթով։ Կարող եք առավոտյան այցելել հինավուրց վանքեր, իսկ երեկոյան վայելել բարձրորակ գինի և կերակուր։ Մեր հյուրընկալությունն անզուգական է, և դա անմիջապես նկատում են բոլոր այցելուները՝ անկախ ծագումից։
