Երևանի ենթակայությամբ գործող դպրոցներում ուսումնական գործընթացի արդյունավետությունը խթանելու և դպրոցում բարոյահոգեբանական առողջ միջավայրի ձևավորմանը նպաստելու նպատակով Երևանի քաղաքապետի առաջարկությամբ նախատեսվում է սահմանափակել խելացի սարքավորումների՝ հեռախոսների, ժամացույցների, պլանշետների օգտագործումը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Աշխարհի փորձը շատ հստակ է․ Անգլիայում, երբ դպրոցներն արգելեցին բջջայինները, աշակերտների քննության արդյունքներն աճեցին միջինը 6%-ով, իսկ թույլ առաջադիմություն ունեցողների մոտ՝ 14%-ով։
Նորվեգիայում բջջայինի արգելքը ոչ միայն բարելավեց աշակերտների գնահատականները, այլ նաև նվազեց հոգեբանական օգնության կարիքը։ Ֆրանսիայի դպրոցներում բջջայինների արգելքից հետո արձանագրվեց ավելի քիչ բուլինգ և կիբերբուլինգ, իսկ երեխաները դասամիջոցներին ավելի շատ սկսեցին խաղալ ու շփվել։
Ուսուցիչները նշում են, որ դասերը դառնում են ավելի արդյունավետ, ծնողները՝ որ երեխաները դպրոցում ավելի հանգիստ ու կենտրոնացած են։ Իսկ շատ աշակերտներն ասում են, որ ավելի շատ են շփվում իրար հետ։ Մենք էլ ուզում ենք Երևանում ստեղծել դպրոցական միջավայր, որտեղ երեխաները կսովորեն առանց ավելորդ խանգարումների, կունենան իրական ընկերական կապեր ու կզգան, որ դպրոցը գիտելիքի և վստահության տարածք է։
Սիրելի՛ երևանցիներ, ձեր կարծիքը մեզ համար շատ կարևոր է։ Կիսվեք ձեր դիտարկումներով մեկնաբանություններում»,- ասվում է հաղորդագրությունում։