Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Այսօրվա գործակարգավարական նիստում նշվել է, որ առաջարկվում է սահմանափակումներ կիրառել բոլոր դպրոցներում՝ միաժամանակ ապահովելով իրավական հիմքերը։ Նաև առաջարկվում է 15 դպրոցում մշտադիտարկում իրականացնել, իսկ տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշները, ինչպես նաև առաջադիմության որակը։
Արձագանքելով այս նախաձեռնությանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ առաջարկում է հարցը ուղարկել կարծիքի հավաքագրման, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ. «Դպրոցականները սկզբում որոշակիորեն կընդդիմանան մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի և նույնիսկ երջանկության վրա այս սահմանափակումները վստահորեն դրական ազդեցություն կունենան»։