Երևան

Երևանի քաղաքապետը պատասխանել է քաղաքացիների հարցերին. ի՞նչ թեմաներ են քննարկվել

Երևանի քաղաքապետը պատասխանել է քաղաքացիների հարցերին. ի՞նչ թեմաներ են քննարկվել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է երևանցիների հարցերից մի քանիսին։ 

- Ե՞րբ եք նախատեսում կացարաներ կառուցել խեղճ դրսի շների համար:

- Մենք արդեն ունենք նախագիծ, որով պատրաստվում ենք կառուցել 300 թափառող կենդանիների համար կացարան։ Այս տարի, ամենայն հավանականության, կսկսենք շինարարությունը։ Այդ կացարանում կապահովենք կերով, ջրով և ազատ տարածքով, որտեղ նրանք կարող են շրջել։ 

- Նոր խարբերդի գազի մատակարարումը, որ խոսք տվեցիք ու չարեցիք, ե՞րբ կլինի:

- Նոր խարբերդի հիմնական գազատարը դեռևս 2024 թվականին Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ կառուցել ենք։ 2025 թվականին կառավարության գործընկերների հետ պայմանավորվածության հիմքով նաև հատկացրել ենք ֆինանսավորում գազի միացումների և տներին մոտեցումների համար։ 2026 թվականին դուք ձեր տանը Նոր Խարբերդում, վստահաբար, կունենաք գազ։ 

- Սարյան փողոցը միակողմանի սարքելուց հետո Մաշտոցի պողոտան դարձել է գերծանրաբեռնված, իսկ Բաղրամյան պողոտայից Սարյան հասնելու համար պետք է կատարել մեծ շրջադարձ։ Ավտոտրանսպորտի համար հատկացված առանձին ուղին է՛լ ավելի է ծանրացնում վիճակը։ Ի՞նչ եք պլանավորում անել այս ուղղությամբ:

- Երևանում խցանումների և տրանսպորտի կարգավորման խնդիրը տարեցտարի ավելի է բարդանում, որովհետև տարեկան 10․000-ով ավելանում է ավտոմեքենաների քանակը, որոնք դառնում են մեր երթևեկության մի մասը։ Ընտրել ենք ճանապարհ, որն ընտրել են գրեթե բոլոր եվրոպական մայրաքաղաքներն ու զարգացած քաղաքները։ Դա այն է, որ պետք է հնարավորություն տանք հանրային տրանսպորտին ունենալ առավելություն։ Այդ պատճառով ավելացնում ենք ավտոբուսային գծերը։ Կուզենայի արձանագրել, որ նախորդ տարվա համեմատ, ի հաշիվ այն փոփոխությունների, որոնք թվարկում եք, նաև դպրոցների ժամերի փոփոխության, կարողացել ենք ստանալ մոտ 18 տոկոսով ավելի պակաս խցանումներ՝ սեպտեմբերի առաջին օրերին։ Շարունակելու ենք այս տրամաբանությունը, փորձելու ենք խցանումների մակարդակն է՛լ ավելի նվազեցնել արդեն մի փոքր ավելի տեխնոլոգիական լուծումների օգտագործմամբ։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական