Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղերձը Անկախության օրվա առթիվ․
Սեպտեմբերի 21-ը մեզ համար ամենակարևոր օրերից մեկն է․ 34 տարի առաջ մենք հաստատեցինք մեր ինքնիշխանությունը և ստանձնեցինք մեր ճակատագրի պատասխանատվությունը։ Անկախությունը միայն պետական կարգավիճակ չէ․ դա հավատքն է, որ մենք ունենք ուժ` կառուցելու մեր ապագան մեր իսկ ձեռքերով։
Երևանը միշտ եղել է այս պատմության սիրտը։ Այստեղ են ծնվել շարժումները, այստեղ են հնչել կոչերը, և այստեղից է սկսվել մեր նորանկախ ճանապարհը։ Այսօր էլ մեր մայրաքաղաքը կրում է այդ պատասխանատվությունը՝ զարգանալով, արդիականանալով ու միևնույն ժամանակ պահելով իր պատմական հոգին։
Մենք միասին ձևավորում ենք Երևանը՝ որպես ազատ, արժանապատիվ ու հզոր երկրի մայրաքաղաք։ Յուրաքանչյուր բակ, յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր նորարարություն մեզ հիշեցնում է, որ անկախությունն իրական է այնքան ժամանակ, քանի դեռ մենք այն լցնում ենք գործով, ոչ թե միայն խոսքով։
Թող անկախության ոգին միշտ առաջնորդի մեզ՝ մեր երեխաների համար կառուցելու ավելի ուժեղ և խաղաղ հայրենիք։
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության տոնը: