Երևան

Հանրային տրանսպորտի ուշացումների պատճառը խցանումներն են, ոչ թե ավտոբուսի քանակը. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հանրային տրանսպորտի ուշացումների պատճառը խցանումներն են, ոչ թե ավտոբուսի քանակը. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում վերջին 1 տարում միայն գրանցված մեքենաների քանակը ավելացել է 11 հազարով, ինչը նշանակում է, որ 11 հազար ավել մեքենա է մասնակցում Երևանում երթևեկությանը։

«Սրան զուգահեռ, կարևոր արձանագրում անենք՝ մենք ավելացնում ենք ավտոբուսային գծեր, որոնք տալիս են առավելություն հանրային տրանսպորտին՝ սահմանափակումներ ստեղծելով մեքենաների համար։ Բայց երթևեկության այն բոլոր փոփոխություններից, որ իրականացրինք այս տարի, շատ դժգոհություններ եղան»,- ասել է նա։

Ըստ քաղաքապետի՝ ս.թ. սեպտեմբերի առաջին օրերի երթևեկության խցանումների թիվը մոտ 18%-ով պակաս է նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ. «Սա կարևոր արձանագրում է. ավտոբուսի գծերն ավելացել են, ավտոբուսները ավելացել են, երթևեկության փոփոխություններ ենք իրականացրել, դպրոցների ժամն ենք 15 րոպե առաջ բերել, և սա բերել է նրան, որ Երևանում սեպտեմբերի սկզբին կարողացել ենք ավելի նվազ խցանումներ ունենալ»։

Քաղաքապետը նաև շեշտել է. «Երևանում որքան մեքենաներն ավելանան, այնքան դրանց նկատմամբ սահմանափակումները պետք է ավելանան, այլապես հանրայն տրանսպորտը Ա կետից Բ կետ չի կարողանա հասնել։ Հիմա հանրային տրանսպորտի ուշացման քանակը ոչ թե ավտոբուսների քանակն է փողոցներում, այլ՝ խցանումները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական