Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ աղբի վերամշակման ոլորտի խնդիրը գնահատում են հրատապ։
«Այս ծրագիրը առաջնահերթ է, այն աստիճան, որ զուգահեռ երկու պրոցես ենք իրականացնում։
Որ պրոցեսով կտեսնենք՝ որ արդյունքն է ավելի մոտ, ավելի արդյունավետ, դրանով էլ առաջ կշարժվենք»,- ասել է նա։
Ըստ քաղաքապետի՝ Երևանի համար առաջնային խնդիր է Նուբարաշենի աղբավայրի կոնսերվացումը. «Ամռան շոգին ունենում ենք բռնկումներ, և դրանից հետո քաղաքապետարանն աղբավայրի կառավարման պրոցեսն այս փուլում վերցրել է իր վրա, և մենք տեխնիկա ենք այնտեղ տանում, և մեր տեխնիկան պետք է մեր վերահսկողությամբ ապահովի աղբավայրի կոնսերվացումը։ Մեզ համար գերխնդիր է աղբավայրի՝ օր առաջ կոնսերվացումը»,- ասել է նա։