Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն անդրադարձել է մայրաքաղաքում ընթացող շինարարությանը, կառուցապատողների թերացումներին։
Ըստ նրա, կառուցապատողները խոսում են իրենց կրած վնասներից, «բայց, չգիտես ինչու, չեն մտածում երևանցիների կրած վնասների մասին, որ շատ ավելի անդառնալի են, որովհետև վերաբերում են երևանցիների առողջությանը»։ Նրա հավելելմամբ՝ երբ նրանց ասվում է նորմի մասին, հաջորդ օրն իսկ շտկում են.
«Կա վերահսկողության խնդիր. խոսվում է խնդիրների մասին, բայց չի իրականացվում շինհրապարակների մոնիտորինգ»։
Արձագանքելով նրա ելույթին, քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, թե որոշակի առաջարկ է ձևավորվել. «Ավագանին կարող է տարեվերջին, երբ քննարկում ենք հաջորդ տարվա պոտենցիալ արտոնությունները, դրանք կապել նրանց գործունեության հետ կապված արձանագրությունների հետ. արտոնություններից օգտվելու պայման դարձնել ցանցերի և մյուս կահավորանքի պատշաճ պահելը»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ հազարից ավել արձանագրություն են կազմել այս տարի.
«Բայց տուգանքի չափն այնքան փոքր է, որ, փաստացի, ուղղակի փոքր տուգանքներով ենք առաջնորդվում։ Իսկ տարեվերջին, երբ քննարկենք արտոնությունները, ուղիղ կկապենք կահավորման ու դրա արձանագրությունների հետ»։