Երևան

Խցանումների միջինացված թիվը նախորդ տարվա համեմատ քիչ է. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խցանումների միջինացված թիվը նախորդ տարվա համեմատ քիչ է. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերջին 1 տարում ՀՀ-ում գրանցված տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է 44.639-ով, իսկ Երևանում՝ 11.906-ով. զեկուցվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։ Նաև նշվել է, որ այս տարի սեպտեմբերին խցանումները նախորդ տարվա համեմատ նվազել են։

«Վստահորեն՝ Երևանում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում, ավտոմեքենաների քանակը գնալով դեռևս ավելանալու է, և մենք պետք է ամեն տարի հավելյալ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կարողանանք մեղմել երթևեկության դանդաղեցման գործոնները։ Մեր ջանքերն էլ ավելի մեծ պետք է լինեն»,- ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով զեկույցին։

«Հաջորդ տարի փոքր կենտրոնում պետք է ունենանք ծրագրեր մայթերի լայնացման և հեծանվային ուղիների ավելացման ուղղությամբ։ Հիմա Իլ դը Ֆրանսը աշխատանքներ է իրականացնում, հուսով եմ՝ որոշակի տեղեկություններ այսօր էլ կստանանք դրա վերաբերյալ։ Բայց արդեն հաջորդ տարի մենք լայնամասշտաբ ծրագիր պետք է իրականացնենք՝ հեծանվային ուղիների ավելացման, ինչպես նաև մայթերի լայնացման համար։ Հաջորդիվ ունենք ավտոբուսային նոր գծերի ավելացման խնդիր»,- ասել է քաղաքապետը։

Քաղաքապետի կարծիքով, հանրային նոր տրանսպորտը հարմար է քաղաքացիների համար, և պետք է շարունակել զարգացնել այդ հարմարավետությունը. «Ինչպես տեսնում եք, խցանումների միջինացված թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այսքան ավտոբուսի նոր գիծ ստեղծելով, ավելի ցածր է»։ Ըստ նրա, շատ տեղերում ստեղծվել են ավտոբուսային գծեր, ավտոբուսները սկսել են արագ շարժվել, և դրան զուգահեռ՝ լուծումներով էականորեն նվազեցրել են խցանումների միջինացված թիվը. «Այս գործընթացը չպետք է դանդաղեցնել, վստահ եմ՝ ավտոբուսների գծերի ավելացմանը զուգահեռ մեքենաների համար լուծումներ կգտնենք։ Բայց նորից հիշեցնեմ՝ մեր առաջնային խնդիրը մեքենաները չեն. մեր առաջնային խնդիրը հետիոտն է, հեծանիվն է, հետո ավտոբուսն ու տրոլեյբուսն են, և միայն դրանից հետո՝ ավտոմեքենան»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական