Երևանում նոր աղբավայր կառուցելու ծրագրին անդրադառնալիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ երկփուլ մրցույթի վերաբերյալ հանձնարարականը չի չեղարկվել։ Սակայն նա կարևորել է ժամանակը։
«Որևէ դանդաղում այս գործընթացում այլևս ընդունելի չէ, ընդունելի չէ առաջին հերթին մեր աշխատակազմի համար», - ասել է նա՝ հավելելով, որ զուգահեռաբար առաջ են տանելու երկփուլ մրցույթը. «Որը եղավ իրատեսական սեղմ ժամկետներում, այդ ճանապարհով ենք գնալու»։
Ի պատասխան քաղաքապետի հանձնարարականի, նրա խորհրդական Սոնա Թևանյանը նշել է, որ փաստաթղթերն ուսումնասիրվել են. «Որոշ իրավական լուծումների շուրջ այս շաբաթ արդեն պատրաստի ընթացակարգի հետ կապված տեղեկատվություն կփոխանցեմ, որը հնարավորություն կտա իրականացնել մրցույթը»։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ կարևորել է աղբավայրի հարթակի տարածք ունենալը. «Որպեսզի ԵԱՍՄ հիմնարկի մեքենաները չմտնեն այդ փոսերի մեջ, և ֆիզիկապես մեր տեխնիկան չփչանա։ Եթե այսպես շարունակվի, ԵԱՍՄ հիմնարկի ողջ շարժակազմը խնդրի առաջ կկանգնի»։